Հայտնաբերվել է կյանքը 30%-ով երկարացնող երկու դեղամիջոցների համադրություն

Մաքս Պլանկի ծերացման կենսաբանության ինստիտուտի և Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն հետզոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ երկու հակաուռուցքային դեղամիջոցների համադրությունը զգալիորեն երկարացրել է մկների կյանքը և բարելավել նրանց առողջությունը ծերության շրջանում։

Մասնագետները հայտարարել են նաև այդ դեղամիջոցների անունները՝ ռապամիցին և տրամետինիբ։ Աշխատանքը հրապարակվել է Nature Aging բժշկագիտական  հանդեսում։ Մասնագետները հույս ունեն, որ արդյունքները մարդկանց ակտիվ երկարակեցությունը երկարացնելու գործում նոր քայլ կդառնան։

Առանձին վերցրած ռապամիցինը ի վիճակի է կյանքը 15-20%-ով երկարացնել, իսկ տրամետինիբը՝ 5-10%-ով։ Սակայն «միասին» նրանք  զարմանալի արդյունք են ցույց տվել՝ մոտ 30%-ով մեծացնելով փորձարարական մկների կյանքը, այսինքն՝ սիներգիստական ​​ազդեցություն են տալիս, այլ ոչ սոսկ արդյունքների գումարման թվաբանական գործողություն։

Բացի դրանից, այս համակցված թերապիան ստացող տարեց մկների հյուսվածքներում և ուղեղում խրոնիկական բորբոքման զգալի նվազում, ինչպես նաև քաղցկեղի զարգացման դանդաղում է նկատվել։ Ընդ որում առանձին դեղերի օգտագործման համեմատ դիտվել է նոր կողմնակի ազդեցությունների բացակայություն։

Երկու դեղամիջոցներն էլ արդեն հաստատված են որպես քաղցկեղի բուժման համակարգերում կիրառվող միջոցներ։ Մասնագետները մտադիր են որոշել նշված դեղերի օպտիմալ չափաբաժինը և ընդունման եղանակը, որից հետո հաջորդ քայլը կլինի կլինիկական թեստավորումներում համակցության փորձարկումը մարդկանց վրա։