Նրանք հրահրում են քաղաքացիական պատերազմ եւ արյունահեղություն

Ինչպես տեսնում ենք, վերջին օրերին իշխանական զույգը հանել է բոլոր դիմակները եւ հանդես է գալիս  իսկական դեմքով ու կերպարով: Նրանք անցել են բացահայտ ագրեսիվ ու խուլիգանական պահվածքի՝ անելով հայտարարություններ, արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն երկրի առաջին դեմքերին, այլեւ՝ քիչ թե շատ դաստիարակություն ունեցող ու կրթված մարդկանց:

Այս ժայթքած ագրեսիան արդյունքն է այն բանի, որ այս զույգն այլեւ համոզված է, որ հողը ոտքերի տակից փախչում է, նրանք Հայաստանում լեգիտիմություն չունեն եւ չեն կարող իշխանություն ունենալ: Նրանք լավ են գիտակցում նաեւ, թե իշխանություն չունենալու դեպքում իրենց ինչ օրեր են սպասվում Հայաստանում՝ թե՛ իրավական պատասխանատվության, թե՛ հասարակության պարսավանքի առումով:

Ամենավտանգավորը նրանց համար այն է, որ հասկանում են՝ չեն հասցնելու մինչեւ վերջ կատարել Ալիեւին ու Էրդողանին տված խոստումները: Իսկ իրենց անվտանգության միակ երաշխավորը Երկիր մոլորակի վրա մնացել են այս երկու ղեկավարները:

Դրա համար էլ իշխանական այս զույգին պետք է, որ երկրում ստեղծվի այնպիսի ապոկալիպսիկ իրավիճակ, սկսվեն  քաղաքացիական բախումներ, արյունահեղություն՝ իր բոլոր պետականակործան հետեւանքներով: Այս կերպ իրենց արտաքին թելադրողների առջեւ կարդարանան, որ այս իրավիճակի հետեւանքով չկարողացան կատարել  տված խոստումները…

Իշխանական այս զույգին պետք չէ, որ Հայաստան պետությունը գոյություն ունենա իրենց իշխանազրկումից հետ: Հիշենք 2018-ի Փաշինյանի հայտնի շանտաժը. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Այս մի հարցում Փաշինյանն ուզում է իր խոսքի տերը լինել եւ հեռանալուց առաջ վերացնել Հայաստանի պետականությունը: Ուստի, հիմա նրանք հեռանալուց կամ հեռացվելուց առաջ քայլեր են անում, որոնք բացահայտ քաղաքացիական պատերազմ հրահրող կայծեր են:

Նրանք, իբրեւ թե, անձական գաղտնի հարաբերությունների բացահայտումներ են անում՝ կոնկրետ անձանց մասին: Սա բացահայտ շանտաժ է իրենց ընդդիմախոսներին: Նրանք ձեռնոց են նետում հասարակությանը, որ մարդիկ դուրս գան կտրուկ ու էմոցիոնալ քայլերի…

Փորձը ցույց է տվել, որ Փաշինյանը հեռանալուց կամ անհայտանալուց առաջ պետք է արյուն թափի: Նա առանց արյան չի հեռանա: Իսկ արյուն թափելու համար քաղաքացիական բախումներ են պետք, որ մարդիկ դուրս գան, ոստիկանները դուրս գան ժողովրդի դեմ, ժողովուրդը՝ ոստիկանների, երկրում ստեղծվի ապոկալիպսիս, ինչն էլ ստեղծի բարենպաստ պայմաններ՝ թշնամու ռազմական էսկալացիայի համար. նրանց օգնության կհասնեն Ալիեւն ու էրդողանը: Սա Փաշինյանի փրկության միակ ճանապարհն է, իսկ Հայաստանի պետականության վախճանի սկիզբը:

Իրավիճակը պահանջում է խոհեմություն, սադրանքների չենթարկվելու սառնասրտություն, բայց նաեւ՝ հստակ ու վճռական քայլեր: Ընդդիմությունը պետք է համախմբվի՝ մի կողմ թողնելով անձնական հավակնություններն ու հակասությունները,  եկեղեցու հետ համախմբված ու միահամուռ,  նախաձեռնությունը վերցնի իր ձեռքն ու  քայլեր ձեռնարկի՝ առանց իրավիճակի սրման, առանց անկախնատեսելի ու անկառավարելի քաոսի ստեղծման …

Նաիրա Վանյան