Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տելեգրամյան գրառումը

Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը: Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահատվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը:

Պետք է տեղյակ լինել, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ տակավին 2019 թվականի սկզբներից Եկեղեցին մի շարք անգամներ դիմել է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես և հենց կառավարության կողմից: Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրներին: