Եվ այսպես, երիտիշխանավորների կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որը հնարավորություն է տալիս փողի, մեծ գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու Իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 32 տարեկանը:
Սա հայկական բանակի քանդմանն ուղղված ամենաարագ քայլերից է, որն իրականացնում է Փաշինյանի իշխանությունը: Ստացվում է, որ բանակի, զինվորականի վրա փող ծախսելու եւ բանակն ուժեղացնելու փոխարեն իշխանությունը ուզում է բյուջեն «փող լցնել»՝ բանակում ծառայողների թիվը կրճատելով: Այսօր պայմանագրային զինծառայողները մեր երկրի սահմաններն ու անվտանգությունը պահում են անբարենպաստ կեցության եւ այլ պայմաններում ՝ չնչին վարձատրության դիմաց՝ ի տարբերություն ոստիկանական ծառայողների, որոնց հիմնական գործառույթը դարձել է իշխանավորների անվտանգությունն ապահովելն ու հանրահավաքների եկած մարդկանց ծեծելը: Մինչդեռ, երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ առաջնահերթ է անվտանգային խնդիրը, պետք է պայմանագրային զինծառայողները ստանան այնքան աշխատավարձ, որ այդ ծառայությունը ոչ միայն բարոյական, այլեւ սոցիալական առումով գրավիչ լինի:
Այս նոր նախագծի հեղինակները չեն հստակեցնում, թե ինչին են ուղղվելու այն գումարները, որոնք վճարվելու են բանակում չծառայելու դիմաց: Տրամաբանական կլիներ, եթե դրանք ուղղվեին պրոֆեսիոնալ բանակի եւ պայմանագրային զինծառայողների ինստիտուտի զարգացմանը, աշխատավարձերին: Արդարացիորեն, կարելի է ենթադրել, որ բյուջե մուտքագրված այդ փողերն էլ կուղղվեն երիտիշխանավորների վոյաժներին ու անձնական բարեկեցության ապահովմանը, պարգեւավճարներին:
Իհարկե, շատերը կարող են հակադարձել, որ նախկինների ժամանակ էլ էին հարուստների, սոցիալապես ապահով ընտանիքների երեխաները փողի, կաշառքի դիմաց ազատվում զինվորական ծառայությունից, իսկ հիմա Փաշինյանենք դա օրինականացնում են: Այո, նման բարքեր եղել են նաեւ նախկին իշխանությունների օրոք: Եվ դա եղել է հանցագործություն՝ իրավական եւ բարոյական տեսանկյունից: Հիմա, ստացվում է, որ երիտիշխանավորները այդ հանցագործությունները օրինականացնում են:
Այստեղ շատ կարեւոր է նաեւ հարցի բարոյական կողմը. հասարակության մեջ խորացնում են սոցիալական բեւեռացումը՝ հարուստներ եւ հայրենիքի հանդդեպ բարոյական պարտ չունեցողներ, եւ անվճարողունակներ, միջին խավ եւ աղքատներ, որոնք հասարակության զգալի մասն են: Նրանց մեջ արդարացիորեն կառաջանա ատելություն հայրենիքի, պետության հանդեպ: Ստացվում է, որ հայրենիքի պաշտպանության հոգսերը մնում են անապահով խավի ուսերին, իսկ պետությունն իր բարեկեցության ու ապահովվածության առումով բաժին է հասնում հարուստներին:
Այս իշխանությունը, որի ներկայացուցիչների մեծ մասը եկել են անհայտությունից եւ եղել են սոցիալապես անապահովներ, կամ ինչպես ասում են՝ «նիսյա» գարեջուր խմողներ, շատ կարճ ժամանակահատվածում դարձել են հարուստներ, օլիգարխներ: Եվ, բնականաբար, այս օրենքով նրանք իրենց որդիների՝ բանակում չծառայելու հարցն են լուծում: Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց քանդած բանակում եւ իրենց պահած երկրում ինչ է նշանակում բանակում ծառայելը:
Նաիրա Վանյան
