Ինչպե՞ս իջեցնել քաշն առանց խիստ դիետայի

Հարավային Կորեայի գիտնականները պարզել են, որ երեկոյան 50 րոպեանոց զբոսանքներն օգնում են նիհարել առանց սննդակարգի խիստ սահմանափակումների, եւ ազատվել որովայնի ճարպից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Exercise Nutrition and Biochemistry (JENB) ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշ ունեցող կանայք: Փորձարկվողներին բաժանել են երկու խմբի. առաջինը չի փոխել ապրելակերպը, իսկ երկրորդը շաբաթը երեք անգամ հիսուն րոպեանոց զբոսանքներ է կատարել, գրել է gazeta.ru-ն։ Փորձը տեւել է 12 շաբաթ։ Հետազոտության ողջ ընթացքում կամավորները չեն հետեւել որեւէ կոնկրետ դիետայի։

Արդյունքում՝ կանայք, որոնք քայլել են, կորցրել են ավելի շատ վիսցերալ ճարպ, քան նրանք, որոնք խուսափել են ֆիզիկական ակտիվությունից: Վիսցերալ ճարպը որովայնի խոռոչում կուտակվում է կենսականորեն կարեւոր  ներքին օրգանների շուրջ (սիրտ, ստամոքս, լյարդ, երիկամներ, թոքեր):

Գիտնականների խոսքով՝ սովորաբար նման ճարպը պաշտպանում է ներքին օրգանները հարվածներից եւ ցնցումներից, ինչպես նաեւ ապահովում է դրանց ջերմակարգավորումը։ Սակայն ավելցուկի դեպքում ներքին օրգանների ճարպը վտանգավոր է գրեթե բոլոր օրգանների եւ համակարգերի համար: Այս տեսակի ճարպակալման հետեւանքները կարող են լինել հիպերտոնիան, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը եւ մետաբոլիկ համախտանիշը: