Հայաստանն ակնհայտորեն ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մեծ փոփոխությունների նախաշեմին է: Դա են վկայում նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ ու փոքր ասուլիսները՝ մամուլում շրջանառված լուրերի համատեսքում, որ նա ՌԴ-ում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, որ Կրեմլում տարածաշրջանի հարցերով զբաղվող բաձրաստիճան պաշտոնյան փոխվել է հենց նրա առաջարկով: Դրան հաջորդեց իմպիչմենթի առաջարկ ԱԺ ընդդիմադիր ուժերին՝ անհատ քաղաքական-հասարակական գործիչներ Նարեկ Մալյանի ու Էդգար Ղազարյանի կողմից: Ինչպես գիտենք, նրանք ՀՀԿ-ամերձ գործիչներ են, բայց, զարմանալիորեն, քաղաքական այդ թեւը վարչապետի թեկնածու չունի: ԱԺ-ում մյուս ընդդիմադիր՝ քոչարյանական թեւը, ինչպես ասում է երկրորդ նախագահը, ունի վարչապետի թեկնածուներ, այն էլ՝ մի քանիսը, սակայն, իմպիչմենթով Փաշինյանին հեռացնելը նրանք համարում են անիրատեսական:
Իմպիչնենթ սկսել են նաեւ «նախկին» ու ներկա փաշինյանականները՝ վարչապետի թեկնածու առաջադրելով ոչ ավել, ոչ պակաս՝ Փաշինյանի ընկեր Էդմոն Մարուքյանին: Բնականաբար, սրան չենք կարող լուրջ վերաբերվել: Թե ինչ ընթացք կստանա «իմպիչմենթական» գործընթացը, դեռ մշուշոտ է:
Քաղաքական դաշտում, ակնհայտորեն, բոլորը պատրաստվում են ընտրությունների՝ արտահերթ կամ հերթական: Ոչ հայտարարված ու ոչ պաշտոնական քարոզարշավի մեջ են եւ՛ իշխանականները, եւ՛ խորհրդանական ընդդիմադիր ուժերը. մարդիկ այցելում են մարզեր, հանդիպումներ են ունենում, ոմանք ուզում են «կրթել» հասարակությանը, մյուսներն իրենց մտահոգություններով են կիսվում եւ այլն:
Աշխարհաքաղաքական վերաբաժանումների այս իրավիճակում Հայաստանը փոքր երկիր է եւ այն էլ այնպիսի վտանգավոր սահամանգծին հասած, որ ներքին ցանկացած սխալ ու չհաշվարկված ու ամզգույշ քայլը կարող է ունենալ անդառնալի հետեւանքներ: Ուստի, ցանկացած քայլ անելիս պետք է ունենալ ոչ միայն լավ հաշվարկներ, այլեւ արտաքին գերտերությունների հետ որոշակի համաձայնեցվածություն, քանի որ այսօր նրանք վերաբաժանում են աշխարհն ու իրենց ազդեցության գոտիները:
Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով այնպիսին է, որ այլընտրանք չունի, քան՝ մնալ Ռուսաստանի դաշնակցն ու գործընկերը: Հասկանալի է, որ երկրորդ նախագահը իր քայլերը որոշակիորեն եւ արդարացիորեն համաձայնեցնում է դաշնակից երկրի՝ ՌԴ գերտերության ղեկավարի հետ, որպեսզի, եթե ներքին ցնցումների հետեւանքով Հայաստանի հանդեպ լինի ռազմական էսկալացիա, մենք ունենանք անվտանգության «բարձիկներ»:
Սակայն, պետք է նաեւ հաշվի առնել, որ փոքր Հայաստանի մեծ խնդիրները ոչինչ են Ռուսաստանի համար. այդ գերտերության կյանքում ոչինչ չի փոխվի, եթե Հայաստանը հրաժարվի իր որոշ սահմանամերձ գյուղերից, իր պատմությունից, փոխի իր սահմանադրությունը, այստեղ գան ապրելու 300 հազար ահաբեկիչներ: Ուստի մեր դաշնակից երկիրը շտապելու առիթ չունի: Փոխարենը մենք ունենք շտապելու խիստ կարիք՝ օր առաջ ազավելու այս ազգակործան պատուհաս իշխանությունից:
Հաճախ լսում ենք, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, եթե երկրում ստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ: Բայց Հայաստանն արդեն հինգ տարի է՝ ֆորսմաժորային վիճակում է, երկիրն օր-օրի կորցնում է իր պետականությունը իրավական, բարոյական եւ տարածքային առումով: Ինչպես գիտենք, Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանությունից նորից պահանջել է հստակ դիրքորոշում հայտնել, թե ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց պատմական հայրենիք: «Կցանկանայի ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է զերծ մնա ցանկությունը նման ձևաչափով ներկայացնելու փորձերից»,-երեկ նորից ասել է Ալիևը:
Թե ինչ կլինի Հայաստանի վիճակը, երբ կատարվի Ալիեւի այս պահանջը, կարելի է պատկերացնել. այստեղ կգան 300 հազար զինյալ-ահաբեկիչներ, հնարավոր է անգամ՝ վարձկաններ արեւելքից, որոնց վայրագությունները մենք տեսել են թե՛ Արցախում, թե՛ Սիրիայում: Շատերը ստիպված կլինեն իրենց ընտանիքների, երեխաների անվտանգությունից ելնելով լքել Հայաստանը: Հայաստանը կհայաթափվի ու կլինի այն, ինչ վաղուց երազում են թուրք-ադրբեջանական տարբեր սերունդներ:
Փաշինյանի ամեն օր մնալը Հայաստանի համար պայթյունավտանգ է, քան որ մենք չգիտենք, թե նա ինչ է խոսում Ալիեւի հետ, ինչ է բանակցում, խոստանում, խնդրում: Ու քանի Փաշինյանի անձնական անվտանգության երաշախավոր մնացել են միայն մեր թշնամական երկրները, նա իր անձի անվտանգության, փրկության եւ ապաստանի համար պատրաստ է խորտակել ամբողջ Հայաստանը՝ իր պետականությամբ:
2026թ-ը կարող է «ուշանալ»… շա՜տ ուշանալ, անքան, որ այլեւս կարեւոր չլինի՝ ընտրություններում ով հաղթեց ՝ Նիկոլը, թե՝ «Պապ թագավորը», ով կվերադառնա իշխանության՝ ավերակների վրա թագավորելու:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
