Ուշ քնելու սովորությունը կարող է քաշի ավելացման հանգեցնել

Կեսգիշերից հետո քնելու սովորությունը կարող է բացասաբար ազդել աղիների աշխատանքի, հորմոնալ մակարդակի, հոգեկան վիճակի եւ կազմվածքի վրա։ Այս մասին Surrey Live-ի հարցազրույցում ասել է ամերիկացի գաստրոէնտերոլոգ Սաուրաբհ Սեթհին։

Մասնագետի խոսքով՝ կանոնավոր քնի պակասի առաջին հետեւանքներից մեկը ախորժակի ավելացման պատճառով քաշի ավելացումն է։ Դրան հաջորդում են ապատիան, քրոնիկական վատ տրամադրությունը եւ կոգնիտիվ կարողությունների՝ հիշողության, կենտրոնացման եւ մտածողության վատթարացումը։

Բժիշկ Սեթհին նշել է, որ ժամանակի ընթացքում քնի պակասը սկսում է ազդել օրգանիզմի բոլոր համակարգերի, առաջին հերթին հորմոնների, լյարդի եւ աղիների աշխատանքի վրա:

Փորձագետն ավելացրել է, որ պարբերաբար ուշ քնելը  կարող է զգալիորեն թուլացնել հոգեկան առողջությունը։ Սեթհին ընդգծել է, որ ֆիզիկական եւ էմոցիոնալ բարեկեցությունը պահպանելու համար կարեւոր է ամեն գիշեր քնել նույն ժամին, գերադասելի է մինչեւ կեսգիշեր։ Նա ավելացրելէ, որ չափահաս մարդը պետք է քնի օրական առնվազն յոթից ինը ժամ: