Եվ այսպես, Փաշինյան Նիկոլի նախկին ու ներկա թիմակիցները հավաքվել են իրար գլուխ ու որոշել են նրան «գահընկեց» անել՝ տեղը նստեցնելով էդմոն Մարուքյանին: ՔՊ-ից, իբր, հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են նախաձեռնել Փաշինյանին «պաշտոնանկ անելու» գործընթաց՝ իմպիչմենթ: Իսկ իրենց վարչապետի թեկնածուն էլ Փաշինյանի վաղեմի ընկեր ու հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Էդմոն Մարուքյանն է:
Մարուքյանը ոչ միայն համաձայն է, այլեւ ամենօրյա ռեժիմով մտնում է ուղիղ եթեր, իր ու այս գաղափարի գովքն է՝ անում իր թեկնածության հնարավորության հարցը համարելով պատմական: Նա իրեն համարում է խորհրդարանական օրենքի «ել ու մուտի» ամենալավ գիտակը: Որքան էլ շատերիս համար զավեշտալի լինի Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի թեկնածությունն ու նրա հավակնությունները, նրա այս հավակնոտ երազանքն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմնավորումը. նրա կենսագրականում կա մի կարեւոր անցումային իրադարձություն, որը ժամանակին անակնկալի էր բերել թե՛ նրա համաքաղաքացի-վանաձորցիներին, թե՛ առհաասարակ, հայաստանյան քաղաքական դաշտին:
Մի ընտրության պատմություն
Հիշենք. 2012 թվականի գարնանը կայացած ԱԺ ընտրություններին Մարուքյանը առաջին անգամ մեծամասնական համակարգով ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր թիվ 30 ընտրատարածքից՝ պարտության մատնելով վանաձորցի, ամենաերկարամյա պատգամավոր Վիկոտր Դալլաքյանին, ով ԱԺ ամենաակտիվ, ամենաշատ օրենքների հեղինակ պատգամավորներից էր եւ վանաձորցիների մոտ բարձր վարկանիշ ուներ: Որպես կանոն, նա ընտրվում էր առանց ընտրակաշառքի, առանց վարչական լծակների ու առանց դժվարության: (Այստեղ, որպես բացառություն պետք է նշենք նրա ամենաառաջին ընտրությունը. 1995թ-ին նրան պատգամավոր դարձրեց Վազգեն Սարգսյանը, ում մարդիկ ահաբեկում էին հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, քվեարկությունից հետո գողացվեցին ու ետ վերադարձվեցին քվեատուփերը): Ինչեւէ, հաջորդ ընտրություններին Դալլաքյանն ընտրվում էր առանց բռնությունների: Վանաձորցիները կատակում էին.«Վիկտորը մի ջարդված ժիգուլիով գալիս է, բակերում մեկ անգամ երեւում ու ընտրվում»:
Իսկ երբ նույն ընտրատարածքում ընտրապայքարի դուրս եկան Վիկոտր Դդալլաքյանն ու Էդմոն մարուքյանը, վանաձորցիները ավելի քան վստահ էին, որ Դալլաքյանը նորից կընտրվի, քանի որ երիտասարդ փաստաբան Էդմոն Մարուքյանը քաղաքում անհայտ անձնավորություն էր: Նրան ճանաչում էին միայն նեղ մասնագիտկան շրջանակներում, հարզատներն ու ընկերները: Սակայն, մեծ եղավ վանաձորցիների արմանք-զարմանքը, երբ պարզ դարձավ, որ Էդմոն Մարույքանը «հաղթել է» Վիկտոր Դալլաքյնաին: Իսկ թե ինչպե՞ս եղավ, որ այդ անհայտ երիտասարդը դարձավ պատգամավոր, հայտնի դարձավ ավելի ուշ. քաղաքական շրջանակներն սկսեցին գաղտնազերծել, որ Մարուքյանը անցել է «փեսա Միշիկի» «դաբրոյով»: Հետագայում Դալլաքյանը հրապարակեց փաստեր, որ Մարուքյանը իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին, իր թեկնածությունը դնել, քանի որ նա 2012-ից առաջ ավելի քան մեկ տարի բացակայել է Հայաստանից: Ըստ Դալլաքյնաի ներկայացրած փաստաթղթերի՝ վոթերգեյթի իրականացման մասին, փաստաբաններից մեկը հարցում է արել ՀՀ-ում գտնվող ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարին՝ հարցնելով, թե ՀՀ սահմանային կառավարման համակարգում ինչ տեղեկություններ կան քաղաքացի Էդմոն Մարուքյանի այցելությունների մասին: Պաշտոնյայից ստացել է պատասխան. «Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ին ժամը 05:40 րոպեին ՀՀ-ից մեկնել է ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 30.06. 2010 թվականին ժամը 07:09-ին»:
Այսինքն՝ նա Հայաստանի Հանրապետությունից բացակայել է 1 տարի 17 օր, սակայն ՀՀ համապատասխան պետական մարմինները նրան տվել են տեղեկանք, թե իբր նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում:՝ Դալլաքյանը այս հայտարարությունը համարում էր հայտարարության հանցագործության մասին: Սակայն գործին ընթացք չտրվեց, քանի որ այդպես որոշել էին վերեւները…
Ահա, այսպես սկսեց իր քաղաքական կյանքը երիտասարդ փաստաբանը: Այնուհետեւ՝ 2017-ին, Մարուքյանը պատգամավոր դարձավ «Ելք» կուսակցությունների դաշինքով, որի մեջ ընդգրկված էին ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները: Դաշինքի գլխավոր դեմքը Նիկոլ Փաշինյանն էր: Իսկ թե՝ ինչպե՞ս այս դաշինքը հայտնվեց ԱԺ-ում, երբ քաղաքական բոլոր ճանապարհներն անցնում էին Մելիք Ադամյանով, հարցի պատասխանը տվել են հենց այդ ժամանակվա իշխանության առաջին դեմքերը՝ Փաշինյանին կերակրողներն ու նրան որպես «հարմար» ընդդիմություն պահողները:
2022թ-ին Մարուքյանի ընկեր-վարչապետ Նիկոլ Փաշինյասնը նրան նշանակում է հատուկ հանձնարարություններով դեսպան: Սա նշանակում է, որ Մարուքյանը դարձել է Փաշինյանի արտաքին քաղաքականության գործընկերը. գաղափարակիցը, անգամ 2020թ-ի պատերազմից հետո, Արցախը հանձնելուց հետո:
Իսկ երբ Մարուքյանը փորձում է ԱԺ-ում մտնել դերի մեջ եւ ընդդիմություն խաղալ, նրա քաղաքական «ծագումնաբանությունն» անմիջապես հիշեցնում է կեսագրությանը քաջածանոթ Ալեն Սիմոնյանը՝ նրան գործուղելով Վատիկանի պադվալներ;
Փաշինյանին «հարմար» ընդդիմությունը
Իսկ ինչու՞ Փաշինյանի մյուս ընկերները՝ Հովիկ Աղասզարյանն ու Հակոբ Ասլանյանը, ովքեր «դուրս են եկել» ՔՊ-ից, որոշեցին հենց Փաշինյանի մյուս ընկերոջը՝ Մարուքյանին ընտրել վարչապետի թեկնածու: Սա արդեն կասկածանքի տեղիք է տալիս, որ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ՝ ՔՊ-ից դուրս գալը Փաշինյանի գծած ծրագիրն էր. Փաշինյանը նրանց գործուղել է ընդդիմադիր դաշտ, որ ձեւավորի իրեն «հարմար» ընդդիմություն, որը նեղ պահին օգնության կգա իրեն: Նա այդ ձեւերը լավ գիտի…
Ինքնախոստովանական «ցուցմունք»
Հիմա ստացվում է, որ Փաշինյանի թիմակիցները, դիրքավորվելով տարբեր «ռազմավարական» դիրքերում, փորձում են իրականացնել իշխանության անցնցում փոխանցում՝ իրենցից իրենց՝ Փաշինյանից Մարուքյանին: Օրերս Մարուքյանը ուղիղ եթերում ասաց.«Եթե մեկը կա քաղաքական դաշտում, ում օգտին ՔՊ-ից կարող են քվեարկել, դա էլի ես եմ:հետեւաբար, էդ էլ ես գիտեմ, հանգիստ ձեր գործերին նայեք»: Սա արդեն խոստովանություն է այն մասին, որ Մարուքյանը ՔՊ-ի թեկնածուն է, այնտեղ համոզելու, խնրելու կարիք չկա. Մարուքյանին բերում է ՔՊ-ն, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը: Ուստի այս նախաձեռնությանը կարելի է տալ հետեւյալ վերնագիրը՝ իշխանության անցնցում հանձնումը Նիկոլից Նիկոլենց…
Գետն ամեն անգամ գաթա չի բերում
Մարուքյանին թվում է, որ եթե մի անգամ հեքիաթի հերոսուհու նման հայտնվել է քաղաքական դաշտի «պարահանդեսում», ապա, ամեն անգամ նույն հեքիաթը կարող է կրկնվել՝ ավելի գունեղ ու ավելի ֆանտաստիկ բովանդակությամբ: Չնայած… քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ…
Նաիրա Վանյան
