Միամտություն է մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել. Քոչարյան

Մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է։ Նման բան չկա։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի սիրուն հայտարարություն կանի, մենք կուրախանանք, գուցե Հայաստանի վարչապետի հետ գրկախառնվի, ինքը սիրում է գրկախառնվել ընդհանրապես, ու դրանով ամեն ինչ ավարտվելու է․ «Հիմա կա երեք պետություն, որոնք կարող են այս տարածաշրջանում հողի վրա դերակատար լինել՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Հիմա ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ, ունեն պատմություն ու ծավալ, ո՞ր երկիրն է ամենից հզոր և տնտեսական ու ռազմական պոտենցիալով։ Ո՞ր երկիրն է մշակութային կոդով մեզ ավելի մոտ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այլընտրանք չունեն»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկորրդ նախագահն ընդգծեց, պետք է վարել կոմպլեմենտար քաղաքականություն, բայց ոչ շպագատ. «Սա այն դեպքը չէ, երբ մենք բազմաթիվ այլընտրանքներ ունենք։ Եվրոպայի հետ կապված քննարկումներն անիմաստ են, որոնց Եվրոպան չի էլ արձագանքում։ Դրանք մի նպատակ ունեն, Ռուսաստանին վատություն անել, դա ռազմավարություն չէ, այլ ուրիշի ձեռքին գործիք դառնալ։ Իսկ կա՞ ուրիշ պետություն, որ ավելի շահագրգռված է Հայաստանով, քան որևէ այլ երկիր»,-ասել է նա։