«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդու մարմին

Երեկ՝ մայիսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում «կլինիկական մահ» ախտորոշմամբ քաղաքացիական ավտոմեքենայով «Սպիտակ» բժշակական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի պետը:

Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանն է:

Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղ բնակիչ 25-ամյա Ֆրունզիկ Թումասյանի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով:

Քրեական ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենան և այն տեղափոխել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի-Կաթնաջուր գյուղերի խաչմերուկին հարակից հանդամասում:

Տարածքը պարեկները սահմանազատել են:

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դրսային մակերեսի բազմակի ծակած-կտրած վերքեր, ձախից գլխի ճակատաքունքային շրջանի ծակած-կտրած վերքեր, գանգոսկրի կոտրվածք, կրծքավանդակի ձախ կեսի հետին անոթային գծով թափանցող վնասվածք» ախտորոշմամբ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։