Կաթնամթերքը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը.․․

Կաթնամթերքի չափավոր օգտագործումն արյան մեջ շաքարի մակարդակն ավելի լավ է կայունացնում, քան խիստ վեգանական սննդակարգը։ Նման եզրակացությանն են հանգել Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Nutrition (CN) բժշկագիտական  հանդեսում։

Փորձին մասնակցել են 30 առողջ չափահասներ, որոնք երկու շաբաթ շարունակ պահպանել են երկու սննդակարգերից մեկը։ Մի խումբը կաթնամթերքի հետ համակցված (լակտոբուսակերական դիետա) բուսական սնունդ էր ուտում, մինչդեռ մյուս խումբը ուտում էր բացառապես բուսական սնունդ՝ սոյայի կաթի փոխարինիչներով, մասնավորապես՝ տոֆու և սոյայի կաթ։ Ընդ որում, երկու տեսակի սնունդն էլ կալորիականության և սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակության առումով նույնական էին։

Գիտափորձի մասնակիցների վրա տեղադրվել են գլյուկոզայի չընդհատվող մոնիթորինգի սենսորներ, որոնք յուրաքանչյուր 15 րոպեն մեկ չափում էին նրանց շաքարի մակարդակը։ Այդ մոտեցումը հնարավորություն է տվել ամբողջ օրվա ընթացքում գլյուկոզայի տատանումների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ստանալ։

Արդյունքները ցույց են տվել, որ կաթնամթերք օգտագործող մարդիկ արյան մեջ շաքարի ավելի ցածր և ավելի կայուն մակարդակ ունեին։ Նրանք նաև ունեին ճարպի օգտագործմանը և օքսիդատիվ սթրեսից պաշտպանությանը մասնակցող ացետիլկարնիտինի ավելի բարձր մակարդակ։ Մինդեռ խիստ վեգանական սննդակարգ պահպանած մասնակիցների օրգանզիմում բարձրացել է ֆենիլալանինի մակարդակը. ֆենիլալանինի ամինաթթու է, որն ընդունակ է խաթարել գլյուկոզայի յուրացումը չափից շատ օգտագործելու դեպքում:

Հեղինակները նշում են, որ արդյունքները հատկապես կարևոր են 2-րդ տիպի շաքարախտի բարձր տարածվածություն ունեցող երկրների, մասնավորապես՝ Հնդկաստանի համար, որտեղ ավելի քան 100 միլիոն մարդ արդեն իսկ տառապում է այդ հիվանդությունից, իսկ 136 միլիոնին նախադիաբետ են ախտորոշել։ Հետազոտողները ընդգծում են, որ երկու տեսակի սննդակարգերն էլ կարող են առողջ ապրելակերպի մաս կազմել, սակայն կաթնամթերքի լիակատար բացառումը միշտ չէ, որ արդարացված է նյութափոխանակության տեսանկյունից։