ՎԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ, ՈՐԸ ՀԱՅԻՆ ՀԻՇԵՑՐԵՑ. ԻՐ ՀԵՏ ՊԵՏՔ Է «ԴՈՒՔ»-ՈՎ ԽՈՍԵՆ…

ԱՆցած տարի այս օրերին, փաշինյանական իշխանությունը, տեղի տալով Ադրբեջանի նախագահի կամայականություններին, լծվել էր Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ մեր տղաների արյամբ պահպանված տարածնքերը Ալիեւին նվիրելու գործին: Այդ օրերին Տավուշում, ավելի ստույգ՝ Կիրանցում, Ոսկեպարում,  սկիզբ առավ շարժում, որը ձեւավորվեց Տավուշի թեմի  առաջնորդ Բարգարտ Սրբազանի շուրջ: Մարդիկ իրենց անհամաձայնությունն էին հայտնում իրենց գյուղերի տարածքները թշնամուն տալու հետ, որ թշնամին չգա ու չնստի իրենց երեխաների դպրոցի ու իրենց տների բակում՝ հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ու վտանգի ենթարկելով իրենց ընտանիքներին: Բագրատ Սրբազանն էր տեղում ձեւավորված պայքարի անմիջական կենտրոնը եւ նա էլ դարձավ «Սրբազան» անունը ստացած շարժման առանցքային դեմքը:

Մայիսի երկուսի գիշերը կարմիրբերետավորները բերման ենթարկեցին եւ ծեծի ենթարկեցին տեղում պայքարի դուրս եկած տավուշցի տղամարդկանց: Այլեւս պարզ էր, որ Կիրանցի հարցը լուծվելու է ոչ թե Կիրանցում, այլ՝ Երեւանում, Հանրապետության հրապարակում: Եվ, շարժումը, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժվեց դեպի Երեւան: Հասարակությունը մեծ ոգեւորություն ապրեց: Սրբազանին միանում էին ոչ միայն ճանապարհից ու ոչ միայն տավուշցիները, այլեւ Հայաստանի տարբեր մարզերից. մարդիկ գալիս էին, որ Հանրապետության հրապարակում դիմավորեն  Սրբազանին: Մայիսի 9-ի լեփ-լեցուն հրապարակը դարձավ բեկումնային. շատերը մեզ՝ հայերիս,  արդեն համարում էին մեռած, ջարդված, կոտված, վախեցած, այլեւս պայքարի անընդունակ ազգ: Բայց, Սրբազան պայքարն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կա, ոտքի է կանգնել ու մեջքը ուղղում է:

Բագրատ Սրբազանը կարողացավ իր անձի շուրջը այնպիսի համախմբում ձեւավորել, ինչպիսին վերջին տարիներին ոչ մի ընդդիմադիր ուժ կամ գործիչ չի կարողացել անել: Նրա շուրջ հավաքվեցին անգամ աշխարհաքաղաքական տարբեր կողմորոշում ունեցող ուժեր: Մայիսի 9-ի լեփ-լեցուն հրապարակը դարձավ բեկումնային՝ հասարակությանը հուսահատության ճիրաններից հանելու, ազգային պայքարի ոգին արթնացնելու եւ ինքնապաշտպանական գիտակցումը թարմացնելու առումով:

Սակայն, չնայած դիմադրության մեծ շարժմանը, իշխանությունն իր ծրագիրն իրականացրեց. տարածքները զիջեց թշնամուն՝ անունը դնելով սահմանազատում: Ու…Փաշինյանը շարունաակեց պաշտոնավարել…

Իսկ, թե ինչու շարժումը չկարողացել Փաշինյանին հեռացնել աթոռից, կասեցնել սահմանների զիջումը, այդ հարցը պետք է ուղղենք Բագրատ Սրբազանի  շուրջ համախմբված կամ  համախմբվածության իմիտացիա ստեղծած ուժերին:  Այո, նրա շուրջ «համախմբված» ուժերից, գործիչներից ոմանք «միացել» էին միայն «գալչկայի» համար, որպեսզի հասարակությունն այդ պայքարում իրենց բացակա չդնի, իրենք  պայքարի «ստաժը» չկորցնեն: Իսկ թիկունքից նրանցից շատերը հակաքարոզչություն էին տանում Սբրազանի ու նրա ղեկավարած շարժման դեմ:

Բագրատ Սրբազանը քաղաքական գործիչ չէ, նա հեռու է քաղաքական ինտրիգների արվեստին տիրապետելուց: Եւ, գուցե, հենց դա էլ դարձավ պատճառը, որ քաղաքական ուժերը  կարողացան շարժումը տանել այն ուղղությամբ, որը, հավանաբար, պետք էր իրենց, ոչ թե Սրբազան շարժմանը, նրա առաջնորդին, եւ իրապես ընդդիմադիր հասարակությանը: Քաղաքական ուժերը եւ գործիչները չկարողացան, կամ կանխամտածված ճիշտ չօգտագործեցին պատեհ պահը եւ Փաշինյանին չհեռացրին աթոռից: Սրբազան շարժման սկիզբն  էր ճիշտ ժամանակը՝ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու համար: Բայց այսօրվա «իմպիչմենթիստների» կողմից այդ ժամանակ որեւէ ակտիվ նախաձեռնություն չդրսեւորվեց:

Այն ժամանակ Բագրատ Սրբազանն էր քաղաքական օրակարգը թելադրողը: Իսկ ՔՊ-ականները վախենում էին «բներից» դուրս գալ: Անգամ ոստիկանապետին Բագրատ Սրբազանը կարողանում էր «փակել» իր աշխատավայրում… Հենց այդ ժամանակ, այդ օրերին, նման պայմաններում  էր հնարավոր նրանցից՝ իշխանականներից, պահանջել՝ միանալ իմպիչմենթին: Իսկ հիմա, երբ իշխանակաների լեզուն նորից գերազանցում է  իրենց հասակին, ակնկալել, թե դեմ դուրս կգան իրենց տոտեմին, անիրատեսական է:
Ինչեւէ, թեեւ Փաշինյանին հեռացնել չհաջողվեց, բայց Բարատ Սրբազանի պայքարը չի պարտվել,  չի ավարտել, քանի որ այդ պայքարից չի հրաժարվել Բագրատ Սրբազանը: Այդ պայքարը ո՛չ իշխանական աթոռի համար է, ո՛չ էլ՝ մանդատի: Այդ պայքարը վերներքաղաքական է եւ վեր արտաքին քաղաքական: Նրա պայքարը  մեծ արժեքների ու գաղափարների համար է, որոնք չեն կարող ընկալել իրենց քաղաքական գործիչներ հռչակողներից շատերը:  Սրբազանի առաջ քաշած պայքարի թեզերը ավելի բարձր նշաձող ունեն, քան պարզապես քաղաքական պայքարն է, նա ավելի բարձր արժեքների գիտակցում արթնացրեց, քան երբեւէ լսել ենք որեւէ քաղաքական գործչից: Նրա պայքարը հային հիշեցրեց, որ իր հետ պետք է «Դուք»-ով խոսեն…

Նաիրա Վանյան