Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ցանկացած գործողություն ուղղված է այնտեղ անկայունության և ռազմաքաղաքական լարվածության գոտի ստեղծելուն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Վրաստանում դաշինքի երկրների մասնակցությամբ սկսված հրամանատարաշտաբային զորավարժությունները։
«Այսպիսով, դաշինքը շարունակում է Հարավային Կովկասի հանրապետությունները իր ազդեցության ուղեծիր ներգրավելու իր ընթացքը։ Որպես կանոն, հենց փոխգործակցության նման ձևաչափերի միջոցով է ՆԱՏՕ-ն իր սեփական չափանիշներն ու գաղափարախոսությունը պարտադրում տարածաշրջանային պետություններին, ստեղծում պայմաններ նրանց պաշտպանական համալիրը վերաձևակերպելու և զինված ուժերի զարգացման, ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա վերահսկողություն հաստատելու համար։ Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա. Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում ուղղված է ոչ թե անվտանգության ամրապնդմանը, այլ այնտեղ անկայունություն և ռազմաքաղաքական լարվածություն ստեղծելուն», — ասել է նա երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ։
ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ հրամանատարաշտաբային վարժանքները սկսվել են ապրիլի 28-ին Վրաստանում ՝ Վրաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Կրծանիսիի համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնում (JTEC):
