«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ» ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Հայ-ադրբեւանական հարաբերությունների լարվածության ֆոնին, ցեղասպանության տարելիցի օրերին Եվրոպայի տարբեր երկրներում պարբերաբար ակտիվանում են «Գործ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամներն ու սկսում սպառնալիքներ ուղղել այդ երկրներում ապրող հայերի դեմ: Այդ ակտիվացումներն ուղղակիորեն ուղղորդվում եւ ֆինանսավորվում են թուրքական իշխանությունների կողմից, որոնց համար հայկական սփյուռքը մնում է կոկորդում մնացած ոսկոր:

Այդ կազմակերպություններից ու գործող անձանցից շատերը փոխել են իրենց անունները եւ քողարկված են ծավալում իրենց գործունեությունը: Էրդողանը ֆինանսական միջոցներ չի խնայում այդ կազմակերպություններին ու նրանց առաջնորդներին վճարելու համար, որպեսզի նրանք ակտիվորեն «կպնեն գործին» եւ ուժեղացնեն պայքարը եվրոպական, ավելի կոնկրետ՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի սփյուռքի դեմ: Սա, անշուշտ, մեծ վտանգ է ներկայացնում մեր հայրենակիցների համար, քանի որ թուրքերը եւ իրենց «արբանյակները» կարող են շատ հեռուն գնալ… Նոյեմբերին, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն այցելել էր Ստրասբուրգ, անձամբ կոչ էր արել նրանց` ակտիվանալ եւ ուժեղացնել պայքարը հայկական սփյուռքի դեմ, որը ըստ Չավուշօղլուի, հայ-թուրքական հարաբերությունների միակ խնդիրը է:

 

Հիշեցնենք, թե Գերմանիայում եւ Ֆրանսիայում «Գորշ գայլերն» ինչ բռնություններ կատարեցին արցախյան 44-օրյա պատերազմի օրերին. սկզբում ծայրահեղականները հրդեհեցին Բեռլինում Հայաստանի դեսպանատան մոտ կայանված ավտոմեքենան։ Հետո Քյոլն Մյուլհայմ շրջանում մոտ 30 թուրք եւ ադրբեջանցի հարձակում կազմակերպեցին հայերին պատկանող փոքր ռեստորանի վրա։ Հանովերում անհայտ անձինք հարձակվեցին հայկական եկեղեցու այցելուների վրա։

 

Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ թուրք արմատականներից սպառնալիքներ եւ վիրավորանքներ էին ստանում սոցիալական ցանցերում եւ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք սպառնում էին անգամ երեխաների հետ հաշվեհարդար տեսնել. «Մենք ճանաչում ենք ձեզ, գիտենք, թե որտեղ են լինում ձեր երեխաները ցերեկը եւ գիշերը։ Մենք ձեզ կգտնենք»: Հոկտեմբերի 28-ին թուրք ազգայնականները Փարիզում դանակներով եւ կացիններով հարձակվել էին Արցախի անկախության ճանաչումը պահանջող հայ ցուցարարների վրա եւ վիրավորել նրանցից մեկին: Այնուհետեւ Լիոնում «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրող հարյուրավոր թուրքեր բառացիորեն գրոհել էին հայկական թաղամասերի վրա։ Չորս հայ էր վիրավորվել։ Ծայրահեղականները պղծել էին Դեսին Շարպիե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Մարմարի վրա նրանք կարմիր ներկով գրել էին՝ «Գորշ գայլեր»։

Վերջին շրջանում, Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրերին  Գերմանիայում ապրող մեր հայրենակիցները նորից սկսել են նման սպառնալիքներ ստանալ:  Ըստ «Առավոտի» աղբյուրի.«Հայկական փոքրամասնության ներկայացուցիչները ստանում են իրենց անձնական հեռախոսահամարներին՝ մարտ ամսից ի վեր: «Մենք չենք մոռացել 1915 թվականը, դու, հայ պոռնիկ», – ասում է անանուն զանգահարողներից մեկը՝ հղում անելով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը: «Ես քեզ կբռնաբարեմ քո տանը», – սպառնում է զանգահարողը մի տուժածի: Մեկ այլ զանգահարող նույնպես բացահայտ սպառնում է հեռախոսի մյուս կողմում գտնվողին. «Դու հայ, ես գրողի ծոցը ուղարկեմ ողջ քո ժողովրդին», – ասում է նա: «Մենք ձեզ կրկին կսպանենք, դուք՝ անպիտաններդ, ևս մեկ ցեղասպանություն կտեսնեք»:

Հենց այսպիսի զանգերն են վախեցնում Գերմանիայում հայկական սփյուռքի մի մասին և բորբոքում Կովկասում նոր պատերազմի վախը: Զանգահարողները լսափողը կախում են առավելագույնը 40 վայրկյանից: Սպառնալիքների մասին հաղորդումները հավաքագրվել են Գերմանա-հայկական իրավաբանների ասոցիացիայի (DeArJv) կողմից: «Մարտ ամսից ի վեր Գերմանիայում բնակվող հայերը ստացել են առնվազն 15 նման սպառնալից զանգ», – t-online-ի հետ զրույցում ասում է միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը՝ DeArJv-ի նախագահը: Սկզբում սպառնալիքների ենթարկվածները դիմել են իրենց եկեղեցական համայնքներին, որոնք էլ իրենց հերթին դիմել են իրավաբանների ասոցիացիային: Սակայն դրանք միայն հայտնի դեպքերն են, բացատրում է իրավաբանը. «Չբացահայտված դեպքերի թիվը պետք է որ շատ ավելի բարձր լինի»: Պետրոսյանի խոսքով՝ զանգերը սովորաբար ընթանում են նույն սխեմայով. «Մեկը ներկայանում է, դիմում է զանգահարվողին անունով և ներկայանում որպես թուրք կամ ադրբեջանցի», – բացատրում է իրավաբանը: «Դրանից հետո սովորաբար հետևում են սպառնալիքներ և վիրավորանքներ: Հաճախ զանգահարողները նաև հայտարարում են, որ 1915-ից հետո նրանք ցանկանում են մեր դեմ նոր ցեղասպանություն իրականացնել»: Մեր հայրենակիցների վրա նման հոգեբանական գրոհները մեծ ազդեցություն են թողնում: Մի կին այժմ գտնվում է ոստիկանության պաշտպանության տակ, մեկ այլը ստիպված է եղել հոգեբանական բուժում ստանալ, քանի որ չի կարողացել համակերպվել սեռական բռնության լուրջ սպառնալիքների հետ:

Ֆրանսիական կառավարությունը բավականին կտրուկ է գործել եւ արգելել է «Գորշ գայկերի» գործունեությունը Ֆրանսիայում: Թեեւ «Գորշ գայլերը» վաղուց են Գերմանիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, սակայն գերմանական իրավապահները, չգիտես ինչու, թուրք ծայրահեղականների նկատմամբ արմատական միջոցներ չեն ձեռնարկում։ Իսկ հանրությունն իշխանություններից այնպիսի կոշտ գործողություններ է պահանջում, ինչպիսիք Ֆրանսիայի իշխանություններն են ձեռնարկել: Գերմանական իշխանությունների նման պասիվ վերաբերմունքի գլխավոր պատճառը, ըստ ամենայնի, թուրք ընտրազանգվածին կորցնելու մտավախությունն է. այսօր Գերմանիայում 3-4 միլիոն թուրք է բնակվում։

Այն, որ Գերմանիայի իշխանությունները բազմիցս են տուրք տվել ադրբեջանաթուրքական վայրագություններին ու կամակորություններին, համոզվել ենք բազմիցս: Ամենավառ օրինակը՝ «Գորշ գայլերի» գործունեությունը Գերմանիայում չապաօրինականացնելու դիրքորոշումն է:

Այս կարեւոր հարցը պետք է բարձարցվի նաեւ ՀՀ ԱԳՆ-ի եւ տարբեր իրավապահ կառույցների միջոցով: Սակայն, այսօրվա իշխանություններից նման լուրջ քայլեր ակնկալելը, այն էլ՝ թուրքերի դեմ, անիմաստ է:

Նաիրա Վանյան