Թրամփն ու Պուտի՞նն են մեղավոր, որ ազատ մամուլը ետ է նահանջում…

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 43-րդ հորիզոնականում էր:

Միաժամանակ, հեղինակավոր կազմակերպությունը փաստում է, որ չնայած բազմակարծիք միջավայրին՝ հայաստանյան մեդիան շարունակում է մնալ բևեռացված։ Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին հրապարակած զեկույցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը փաստում է, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով։

Ըստ զեկույցի՝ տեղեկատվության հիմնական աղբյուրը Հայաստանում սոցիալական մեդիան է, ուր օրական մուտք է գործում բնակչության երկու երրորդը: Նշվում է, որ 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո հայտնվել են բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, իսկ անկախ լրատվական կայքերը, ինչպես՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, «զարգանում են և անկախ վերահսկողի դեր կատարում, ինչը կարևոր է ժողովրդավարության համար»։ Այդուհանդերձ, «հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման հանդիպել իրենց խմբագրական քաղաքականության հարցում»։

Մամուլի ազատության վիճակը երկրում գնահատվել է բավարար, Հայաստանը հարևան բոլոր երկրներից առաջ է, Հայաստանին հաջորդում է Մոլդովան, որն այս տարի վատթարացրել է դիրքերը: Տարիներ շարունակ աղյուսակը գլխավորում է Նորվեգիան, երկրորդ տեղում այս տարի Էստոնիան է, Վրաստանը՝ 114-րդը, Թուրքիան՝ 160-րդը, Ռուսաստանը՝ 171-րդը, իսկ Իրանը՝ 176-րդը։

Ցուցակի առաջին հորիզոնականներում համապատասխանաբար Նորվեգիան, Էստոնիան և Նիդեռլանդներն են։ Միացյալ Նահանգները նահանջել է երկու հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղը։

Կազմակերպությունը հայտարարել է, որ ինդեքսի տնտեսական ցուցանիշը հասել է պատմության մեջ ամենացածր կետին և համաշխարհային լրատվամիջոցների ազատության ընդհանուր իրավիճակը բնութագրել է որպես «դժվար»։

Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժան Կավելիեն այսօրվա իր հարցազրույցում, որպես լրատվամիջոցների ազատության հիմնական սպառնալիքներ նշել է ռուսական քարոզչությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումները։

Թրամփի որոշումները չեղարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի մեծ մասը, որը ֆինանսավորում է տրամադրում աշխարհի անկախ լրատվամիջոցներին։ Բացի այդ, լուծարվել է «Գլոբալ մեդիա գործակալությունը», որին են պատկանում «Ազատ Եվրոպա/Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանները, և կրճատվել է այդ լրատվամիջոցների ֆինանսավորումը։