Այսօր տեղի ունեցած Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից էր համայնքապետի տեղակալների ընտրությունը։ Այս պաշտոններին առաջադրվել են Կոմունիստական կուսակցության ցուցակով ավագանիներ ընտրված Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը։
Առաջինը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է, երկրորդը՝ մտերիմ ընկերը։ ՔՊ-ն նիստին ներկայացավ` ավագանու անդամները նիստի մեկնարկին անակնկալ ներս մտան։ Ավագանու մնացած անդամները ևս ներկա են նիստին, քվորումն ապահովված էր։
Վարդան Ղուկասյանի փեսան` Ավետիս Առաքելյանը 17 կողմ, 13 դեմ (ՔՊ-ն դեմ քվեարկեց) ձայներով ընտրվեց Գյումրի համայնքապետի առաջին տեղակալ։ «Կապ չունի՝ իմ փեսան է, ես խիստ եմ, ինձ հետ աշխատելը և հեշտ է, և դժվար»,-ասաց Ղուկասյանը։
Ղուկասյանի մտերիմ ընկեր Գագիկ Մանուկյանն էլ 17 կողմ, 13 դեմ (ՔՊ-ն դեմ քվերակեց) ձայներով ընտրվեց Գյումրի համայնքապետի երկրորդ տեղակալ։ «Ղուկասյանի հետ ես աշխատել եմ 10 տարի, համառորեն նույն ձևով աշխատելու եմ,սիրում եմ իմ քաղաքը»,- ասաց Մանուկյանը։ Ղուկասյանն էլ իր հերթին ավելացրեց, որ երկու մահափորձի միջով է անցել Մանուկյանը։ Մեկը իր նկատմամբ արված մահափորձի օրն էր` միասին էին, մյուսը հոկտեմբերի 27֊ին, երբ ԱԺ պատգամավոր էր։
Մինչ փոխհամայնքապետերի ընտրությունը, ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ։ Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ խմբակցության ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ով, ի դեպ, փրայմերիզի մասնակիցներից էր։
Նա ընտրվեց հանձնաժողովի նախագահ, որին միայն դեմ քվեարկեց «Մեր քաղաքը» դաշինքը։ ՔՊ-ական Էդգար Բաղդասարյանն էլ ընտրվեց իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՔՊ-ական Վահան Դավթյան էլ ընտրվեց ֆինանսավարկային և տնտեսական մշտական գործող հանձնաժողովի նախագահ։ Ուշագրավ էր, նաև, որ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, ընտրվեց Գյումրիի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին Գևորգ Ղուկասյանի թեկնածությանը՝ այդ թվում, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
