ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՋԱՀԸ

Փաշինյանական իշխանությունը գնալով ավելի է ուժեղացնում ատելության քարոզը Հայ Հեղափոխական դաշնակցության  նկատմամբ: Այս համահայկական կուսակցությունը Փաշինյանի կոկորդում դարձել է  ծակող ու ոչ մի դեպքում կուլ  չգնացող ոսկոր: «Հանուն» ՀՅԴ-ի դեմ մղվող «պատերազմում» հաղթանակի, Փաշինյանը ստիպված եղավ փչացնել հարաբերությունները եւ մեծ խզում առաջացնել հայկական սփյուռքի հետ, քանի որ սփյուռքյան ամենաազդեցիկ ու կազմակերպված կառույցը դաշնակցությունն է, որի շնորհիվ սփյուռքը այսքան տարի կարողացել է պատվով պահել հայկական ինքնությունը:

Այս իրավիճակում, պատմական այս ծանր պայմաններում Հայաստանի իշխանության ղեկին նստած է թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ մեջքը կորացրած մի իշխանություն, որը դարձել է Ալիեւի ու Էրդողանի կամակատարն ու շահերի պաշտպանը Հայաստանում: Շարքային հայը, ով ունի ազգային արժանապատվության զգացում, սրանց պահվածքից իրեն զգում է նվաստացած, լքված  ու հուսահատ: Տեսնում է, որ երկրի գլխին սրտացավ ու ազգային ղեկավար, տեր չկա:

Ամեն տարի ՀՅԴ-ն ապրիլի 24-ին բավականին համախմբված ու կազմակերպված ձեւով իրականացնում է ջահերով երթը: Այս միջոցառաման անբաժանաելի մասն է թուրքական դրոշի այրումը: Ոմանց համար դա անընդունելի  քայլ է, ոմանք էլ դա համարում են բողոքի արտահայտման աշխարհում ընդունված ձեւ:

Եկեք փաստեք, որ հասարակության այս համընդհանուր հիասթափության ու հուսահատությունների ֆոնին դաշնակցության՝ ջահերով երթի այս միջոցառումը կարեւոր է՝ ազգային արժանապատվության, ոգու եւ հուսահատության ճիրաններից դուրս գալու առընչությամբ: Որքան էլ տեղին կամ անտեղի քննադատենք  135-ամյա կուսակցության այս կամ ժամանակաշրջանի սխալ կամ ոչ ճիշտ հաշվարկված քաղաքականությունը, որքան էլ չսիրենք հայաստանյան կառույցի այս կամ այն անդամին, մարդկանց, ովքեր տարբեր իշխանությունների հետ տարբեր պաշտոններ են զբաղեցրել եւ չեն գոհացրել հասարակությանը, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ այսօր դաշնակցությունը իր վրա է վերցրել և կրում է հայոց պետականության պահպանության համար մղվող ծանր պայքարը:

Այս տարի նույնպես ապրիլի 24-ի միջոցառումներ կազմակարպվեցին սփյուռքյան տարբեր օջախներում: Որտեղ նայում ենք՝ ՀՅԴ-ի մատը խառն է: Ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան եվրոպական տարբեր քաղաքներում՝ ամենուր դաշնակցական գործիչների նախաձեռնությամբ:

Մենք ունենք «Եվրոպայի Հայերի Միություն» կոչված ինչ-որ կառույց, որը, կարծես թե, բացի Զարեհ Սինանյանի հետ հանդիպումներից, ոչինչ չի անում: Չարեց նաեւ ապրիլի 24-ին. Երեւանից հրահանգ չուներ…

Ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնացող  ջահերով երթը, չնայած եղանակային շատ վատ պայմաններին, աննախադեպ մարդաշատ էր: Երթի նախաձեռնողը նորից ՀՅԴ-ն էր: Դա փաստեց, որ դաշնակության ջահը, որպես փարոս իր ետեւից տանում է հասարակության զգալի մասին: Անկախ այն բանից, այդ մարդիկ դաշնակցական են, թե՝ ոչ, այդ կուսակցության համակիր են, թե՝ ոչ, մարդիկ գնում են դաշնակցության ջահի ետեւից…Թուրքիայի դրոշով վառված ջահի ետեից: Գնում են, որովհետեւ դաշնակցությունը շարքային կուսակցություն չէ, ընկերախումբ կամ թայֆայախումբ չէ: Դաշնակցությունը ազգային գաղափարախոսություն է: Սա  նշանակում է, որ փաշինյանախմբին չի հաջողվել հասարակության մեջ կոտրել, ոչնչացնել ազգային ոգին, չի հաջողվել սպանել արժանապատվության, պայքարի ու պետականության պահպանման իղձերն ու երազանքները, փակել դրանց ճանապարհը:

Նաիրա Վանյան