Եվ այսպես, երեկ լրացավ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը մի ուղերձ հղեց, որը ոչ այդքան Հայոց ցեղասպանությանն էր վերաբերում, որքան՝ իր համար բաղձալի «խաղաղության փաստաթուղթ» կոչվածին:
«Այս օրակարգի շուրջ Կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։
Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը».-ասվում է ուղերձում , որից կարելի է ենթադրել, թե Ադրբեջանին զիջված Տավուշի սահմաններն էին խանգարում, որ մենք կարողանանք Եղեռնից հետո ոտքի կանգնել ու հաղթահարել 1915-ի ողբերգությունը:
Փաշինյանը առավոտ ծեգին իր ՔՊ-ակազմով այցելել էր Ծիծեռնակաբերդի համալիր: Իսկ մինչ այդ ամբողջ տարածքը ոստիկաններն այնպես էին զննել եւ այնպես էին հուշահամալիր տանող բոլոր ծակուծուկերը փակել, որ օձն իր պորտով չէր կարող մտնել տարածք, էլ ուր մնաց՝ թե ՀՀ երեք միլիոն վարչապետերից որեւէ մեկը: Արգելված էր նաեւ լրատվամիջոցների մուտքը: Սա ՀՀ պատմության մեջ աննախադեպ երեւույթ էր: Պատահականություն էր, թե ոչ, նրա այցը ներկայացնող պաշտոնական աղբյուրների լուսանկարներում չէր երեւում Արարատ լեռը…Դե, իսկ Արագածն էլ այդտեղից չէր երեւոմ…
Սակայն, երեկ արձանագրեցինք մի կարեւոր հանգամանք. Փաշինյանն ու իր թիմը պարտվեցին նաեւ Հայոց ցեղասպանության առընչությամբ իրենց քարոզչության մեջ. որքան էլ որ իշխանախումբը ամեն կերպ փորձում է նսեմացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման նկատմամբ հայ հասարակության պահանջատիրությունը, թուլացնել հարեւան-ոչ բարեկամ երկրի հանդեպ գենետիկ ցավի հիշողությունը, հասարակությունը ցույց տվեց, որ չի հաշտվում, չի ներում: Չնայած՝ ներողություն խնդրող կողմ էլ չկա:
Ապրիլի 23-ին սկսված ջահերով երթը, որը չնայած անձրեւոտ, ցուրտ ու անբարենպաստ եղանակին, բավականին մարդաշատ էր ու , ինպես միշտ, գեներացնում էր մեծ էներգետիկա: Իսկ ապրիլի 24-ին Ծեծեռնակաբերդի բարձունք գնացող հոծ ու երկար երթը վկայեց, որ Փաշինյան այլեւս անզոր է կառավարել հայ հասարակությանը. նրա գենետիկ միտքն ու էմոցիաները: Փաշինյանը հերթական անգամ պարտվեց, հերթական անգամ օտարվեց մեր հասարակությունից եւ մնաց ոստիկանան պատնեշների ետեւում պատսպարվող թույլ ղեկավար, որին այլեւս լսող չկա…
Նաիրա Վանյան
