Փաշինյանի աշխարհաքաղաքական լարախաղացությունն ու Պուտինի տնտեսական «պատժամիջոցները» հայ խոպանչիների նկատմամբ

Ինչպես գիտենք, անցած ամիս Խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, որն էլ ստորագրեց նախագահի աթոռին նստած Վահագն Խաչատուրյանը: Նիկոլ Փաշինյանը նեղն ընկած ժամանակ երդվում է, թե դա չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկ, քանի որ այդ հարցը պահանջում է հանրաքվեի անցկացում: Իշխանականներն էլ համոզում են, որ օրինագիծը եղել է հասարակական նախաձեռնություն, որը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ: Ուշագրավ է, որ Փաշինյանենք հասարակական որեւէ պահանջի կամ նախաձեռնության նկատմամբ այսքան հոգատարություն չեն դրսեւորում ու օպերատիվորեն չեն արձագանքում, ասենք՝ երբ հասարակությունը պահանջում է իրենց հրաժարականը… Բայց այս մեկը լսել են ու հասարակության սիրտը չեն կոտրում…

Ինչպես գիտենք, այս նախագիծը Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով։ Որոշ մարդիկ հագել-կապել գնում են Եվրոպա, որտեղ, պարզվում է՝ սուփրա-սեղանը գցած իրենց չեն սպասում: Այնտեղ անգամ եվրոպական խաղերի մեջ մտած ու արյունաքամ եղած Ուկրաինան ու Վրաստանը տեղ չունեն, էլ ու՜ր մնաց՝ Հայաստանը տեղ ունենա:

Այս այս մարդիկ՝ Փաշինյանի գլխավորությամբ,  նման քայլերով Հայաստանը տանում են փակուղի, քանի որ այս անհեռանկար քայլով փչացնում են առանց այն էլ վատթարագույնի հասած հարաբերությունները Ռուսաստանի հետ: Փաշինյանը հույս ունի, որ կարող է «քյանդրբազություն» անել՝ մի ոտքով մնալ ԵԱՏՄ-ում, մյուսով գնալ Եվրոպա: Պաշտոնական Կրեմլը բազմիցս է հայտարարել, որ այդ դեպքում ՀՀ-ն ստիպված կլինի  դուրս գալ նաեւ ԵԱՏՄ-ից: Հնարավոր չէ՝ մեկ ոտքով լինել Եվրոմիությունում, մյուսով՝ ԵԱՏՄ-ում:

Թե ԵԱՏՄ-ից դուրս գալն ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ, գիտի, անգամ, ոչ տնտեսագետ հայը: Արդեն իսկ նկատելի են ՌԴ-ի կողմից ընդունված օրենքների ծանր հետեւանքները մեր հայրենակիցների սոցիալական իրավիճակի վրա: Ռուսաստանը ամենամեծ հայկական սփյուռքն ունեցող երկիրն է եւ օրեցօր խստացնում է միգրացիոն օրենքները: Այնտեղ ապրում եւ աշխատում են ոչ միայն ՌԴ քաղաքացիություն ունեցող «հնաբնակները», այլեւ՝ դասական «խոպանչիները»՝ մարդիկ, ովքեր իրենց սեզոնային աշխատանքով լուծում են Հայաստանում ապրող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները: Այդ խավն ամենախոցելին է. նրանց փաստաթղթավորման եւ ժամանակավոր աշխատանքի իրավունք ստանալը դարձել է ուղղակի գլխացավանք: Այդ ոլորտի օրենքների փոփոխությունների արդյունքում առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները ամբողջ տարվա ընթացքում ՌԴ-ում կարող են գտնվել ընդամեը 90 օր: Իսկ նախկինում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել: Օրենքի այս կետից կտուժեն բեռնափոխադրումների ծառայություններում աշխատող վարորդները: Ռուս սահմանապահներն իրենց հայեցողությամբ կարող են օտարերկրացուն թույլ չտալ մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, անգամ այն քաղաքացիներին, որոնք մուտքի արգելք չունեն: Փետրվարի 5-ից ուժի մեջ մտած մյուս կոշտ կարգավորում այն է, որ եթե նախկինում արտաքսման որոշում կայացնում էր դատարանը, ապա հիմա նման որոշում կայացնողը  ռուս ոստիկանն է, ով առանց դատարանի որոշման իրավունք ունի Ռուսաստանում անօրինական գտնվող կամ քրեական հանցանքի մեջ կասկածվող միգրանտին կամայականորեն արտաքսլեու որոշում կայացնել:

Հայաստանի Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արտաքսման 1100 որոշում են կայացրել, բացի այդ անցած հոկտեմբերի դրությամբ ավելի քան 16 հազար քաղաքացու մուտք արգելված է: ՌԴ ՆԳՆ հրապարակած վերջին տվյալներով՝ Ռուսաստանում 246 հազար Հայաստանի քաղաքացի կա՝ օրինական և անօրինական ապրելու իրավունքով:

Հայաստանից ՌԴ միգրացիոն հոսքի նվազումը սկսվել է դեռեւս 2023-ից՝ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ 9 տոկոսով նվազել էր: Թեեւ միգրացիոն օրենքները ՌԴ-ում խստացվել են ԵԱՏՄ բոլոր երկրների համար, սակայն, ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցները տեսնում եւ զգում ակնհայտ «խստացված» վերաբերմունք հատկապես «յան» վերջավորությամբ ազգանունավորների նկատմամբ: Հայերի նկատմամբ ՌԴ տարբեր տրամաչափի պաշտոնյաների փոփոխված ու անբարյացակամ վերաբերմունքը նկատելի է անձնագրային բաժանմունքներից մինչեւ դպրոցներ: Հարյուրավոր մարդիկ դիմում, բայց չեն կարողանում օրինականացնել իրենց ՌԴ-ում գտնվելը, շատ հայերի երեխաների դպրոց չեն ընդունում, թեպետ, երեխան հանձնում է բոլոր քննությունները և լավ տիրապետում է ռուսերենին: Պատճառաբանում են. թե տեղ չունեն դպրոցներում: Այդ մասին մեզ պատմում են մեր հայրենակիցները: Շուտով կգրանցվի ՌԴ-ից Հայաստան վերադարձողների մեծ հոսք, քանի որ մարդիկ այլեւս դժվարանում են լուծել իրենց աշխատանքի եւ կեցության հարցերը: Ինչ խոսք, սա ունի դրական կողմ. Հայաստան կվերադառնան մեր հայրենակիցները եւ կմեծանա ներգաղթը: Սակայն, Հայաստանում  էլ ավելի կսրվի սոցիալական իրավիճակը, քանի որ այդ մարդիկ ՌԴ-ում աշխատելով սոցիալապես ապահովում են իրենց ընտանիքների, երբեմն էլ ՝ մերձավորների, տարեց ծնողների սոցիալական խնդիրները: Ինչպես ասում են՝ սրանք դեռ «ծաղիկներն են»: Շուտով հայկական արտադրության ապրանքների արտահանումը դեպի ՌԴ կնվազի: Իսկ ՌԴ-ն մեր շուկայի հիմանական սպառողն էր: Հայաստանը կհայտնվի նաեւ Էներգետիկ խնդիրների առաջ:

Ու այս ամենը այսօրվա՝ փաշինյանական իշխանության անհեռատես ու կասկածելի արտաքին քաղաքական վայրիվերումների պատճառով:

Նաիրա Վանյան