ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Եվ ասյպես, երեկ՝ ապրիլի 16-ին, Գյումրի համայնքի ավագանին առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ  Վարդան Ղուկասյանին ընտրեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ավագանու կազմ անցած ուժերից երեքը՝ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» դաշինքները և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը վերահաստատեցին իրենց նախապես արված հայտարարությունները և քվեարկեցին Վարդան Ղուկասյանի օգտին։

Հիշեցնենք, որ «Մեր քաղաքը» դաշինքի  ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը բավականին դժվարությամբ եկավ այն որոշման, որ իր գլխավորած դաշինքը քվեարկելու է Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ իր եւ Ղուկասյանի միջեւ ժամանակին շատ պղտոր ջրեր են հոսել: Մինչ Մարտուն Գրիգորյանի՝ երկար սպասված հայտարարություն անելը, հանրությունը բավականին զգայուն էր նրա որոշման եւ այդ որոշումն ուշացնելու նկատմամբ: Արդարության համար պետք է ասել, որ Մարտուն Գրիգորյանն, իսկապես, շատ ծանր կացության մեջ էր. նման որոշում կայացնելը հեշտ չէր՝ անձնական տեսանկյունից: Բայց, Մարտուն Գրիգորյանը կարողացավ վեր կանգնել անձնական եւ կլանային շահերից, հիշաչարությունից եւ հավակնություններից, եւ կայացրեց որոշում, որը վերջնականապես հօդս ցնդեցրեց նրա անձի շուրջ պտտվող կասկածները՝ կապված հայտարարության ուշացման հետ: Մարտուն Գրիգորյանը ոչ միայն հայտարարեց, այլեւ իր գլխավորած դաշինքը միաձայն քվեարկեց ընդդմադիր թեկնածուներից ամենաշատ քվեն ստացած Վարդան Ղուկասյանի օգտին:
Ընդդիմության այս համախմբումն ու հաղթանակն ուղղակի խոցել է իշխանությանն ու նրա թեկնածուին: Մնում է,ընդդիմադիր ավագանաիները այս համախմբվածությամբ շարունակեն  ավագանու աշխատանքը եւ չխոչընդոտեն ընտրված քաղաքապետի գործունեությանը՝ իշխանությանը առիթ ու հնարավորություն տալով՝ նոր ընտրություն կազմակերպելու…

Փաշինյանախումբը Բալասանյանների դեմ արշավ սկսեց եւ օրենքի տարբեր խախտումներով գնաց արտահերթ ընտրությունների, հույս ունենալով, որ Գյումրին կվերցնեն իրենց ձեռքը: Սակայն, ինչպես կասեր դասականը, «վարունգը թարս բուսնեց»:  Հիմա էլ իրենց Սարիկը ոտք ու ձեռք ընկած ուզում է նոր ընտրություններ: Թե՝ ի՞նչ իրավական հիմնավորմամբ, հայտնի չէ:  Մի բան է հայտնի, որ իշխանությունը պարտված է հանրապետության գրեթե բոլոր մարզերում ու քաղաքներում, եւ շարքային քաղաքացիները այլեւս ոչ լսում են, ոչ էլ հավատում   Փաշինյանի պոլուլիստական հայտարարություններին:

Նաիրա Վանյան