Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։

Ավելի ուշ նա ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով քսաներեք փաթեթ։

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արդեն քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկել են օտարերկրացու բնակարանը՝ հայտնաբերելով ավելի քան 350 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով հարյուր քառասունինը փաթեթ։

29-ամյա օտարերկրացին կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։