Վերջին 3 շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերում։
Չինարի գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ վերջին շրջանում ակտիվացել են կրակոցները։
«Գյուղի ուղղությամբ չեն կրակոցները, բայց լսվում են գյուղում։ Գիշերներն են կրակում։ Գարնանը միշտ էլ ակտիվանում են»,–ասել է Չինարիի բնակիչը։
Չինարի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը չի ցանկացել մեկնաբանել տարածվող լուրերը, միայն ասել է, որ գյուղում իրավիճակը հանգիստ է։
Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը պատմել է, որ այսօր գիշերն էլ են կրակոցների ձայներ լսվել։
«Վերջին օրերին լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանց ուղղությունը հայտնի չէ։ Գյուղի ուղղությամբ չեն կրակում, վնասեր չի կրել գյուղը։ Իրավիճակն էլ հանգիստ է»,–ասել է նա։
ՀՀ ՊՆ–ից NEWS.am–ին հայտնել են. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։
Հավելեմ նաև, որ, երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է:
Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»։
