Նման կարեւոր պահերի ասպարեզ են բերվում նման դրածո մարդիկ, որպեսզի կասեցնեն ընդդիմության պրոցեսները. Արամազ Զաքարյան

Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում Գյումրիում ընտրապայքարին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը, կարելի է ասել, համագործակցության ձեռք մեկնեց ՔՊ-ին, առաջարկելով. «Եթե իշխանությունը խոհեմ քայլ անի, կընդունի պարտությունը և չի առաջադրի քաղաքապետի թեկնածու, ինչի դեպքում հնարավոր կլինի նաև առաջադրել Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը և այդ կերպ ամբողջ ավագանին կընտրի քաղաքապետ: Իմ առաջարկն արդար և օբյեկտիվ է»: Այս առաջարկությունը իրար խառնեց Մարտուն Գրիգորյանի հնչեցրած հայտարարությունից հետո հազիվ հանդարտված ընդդիմադիր դաշտը: Թարվերդյանի այս հայտարարությունից տպավորություն էր ստեղծվում, թե Մարտուն  Գրիգորյանն ինքն է այդ առաջարկի ետնաբեմի հեղինակը եւ ուզում է  իշխանության հետ գործարքի գնալ: Հաջորդ օրը, սակայն, թե Մարտուն Գրիգորյանը, թե  դաշինքի մյուս՝ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն տարածեցին, որով փարատեցին հանրության նմանատիպ կասկածները: Հիշեցնենք, որ Թարվերդյանն իր տարբեր հարցազրույցներում իրեն համարում է քաղաքական մերան, որը կարող է ընդդիմությանն ու իշխանությանը միավորել: Թե ո՞վ է ընդդիմությունից ուզում միավորվել փաշինյանական իշխանության հետ, Թարվերդյանը չի գաղտնազերծում: Իշխանությանն ուղղված  այս առաջարկը, պարզվեց՝ իր անձնական նախաձեռնությամբ եւ որոշմամբ է եղել: Թարվերդյանի մասին ավելի հետաքրքիր բացահայտում արեց քաղաքական գործիք, նախկին ԱԻՄ-ական Արամազդ Զաքարյանը: Նա HayPress.am-ի հետ զրույցում պատմեց.

«Քաղաքական գործիչներին ճանաչում են առաջին հերթին լրատվական դաշտում, քաղաքականությամբ զբաղվող  մարդիկ եւ հասարակությունը: Այս մարդը, որը Հանրային հեռուստաընկերությամբ հանդես եկավ, պարզապես ներդրված անձնավորություն է: Ինքը, որպես քաղաքական գործիչ, որպես  որեւէ գաղափարախոսության կրող, հայտնի չէ:  Վերջերս է հայտնվել հայկական իրականության մեջ:  Ես իրեն առաջին անգամ տեսել եմ ընդհանուր աշխարհազորի առաջին համագումարի ժամանակ, որը 2023թ-ին անցկացրինք Կույրերի միավորման դահլիճում: Մասնակցում էին, հիմնականում, պատերազմով անցած տղաներ, հրամանատարներ, կամավորականներ, ջոկատների հրամանատարներ: Մենք մեր մտահոգությունն էինք հայտնում, որ  տվյալ իրավիճակի ողջ  պատասխանատվությունն ու մեղավորությունը ընկնում է գործող իշխանության վրա, որը մեր բոլոր հաղթանակները ոչնչացրեց, մեր տոները  վերածեց սգո օրերի եւ մտածված կերպով պատերազմում նման իրավիճակ ստեղծեց, որպեսզի ադրբեջանցիները կարողանան իրենց երազանքին հասնել: Հրավիրված էին տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում տվյալ անձնավորությունը: Եվ, չգիտես ինչու, ինքը մեր  համաժողովում ելույթի համար ձայն ստացավ: Հետագայում ես իմացա, որ սերտ կապերի մեջ է համագումարի կազմակրերպիչներից մեկի հետ, ով նույնպես իր կուսակցության անդամ է:  Զարմանալիորեն, նա իր կուսակցի  միջնորդությամբ ձայն էր ստացել եւ ելույթ ունեցավ: Իսկ այդ ելույթը շատերիս համար անակնկալ էր: Նրա ելույթի հիմնական թեզն  այն էր, որ Հայաստանի գործող իշխանությունը  լավագույնն է վերջին երեսուն տարում, որ մենք բոլորս  պարտավոր ենք կանգնել այդ իշխանության կողքին: Նա եկել էր նման բաներ ասելու այն մարդկանց, որոնց պայքարի հաղթանակաների ձեռքբերումները  ոչնչացնելու ողջ պատասխանատվություննն ընկած է այս իշխանությունների վրա: Եւ մենք հավաքվել ենք  այդ իշխանություններին հեռացնելու նպատակով: Նա եկել եւ այդպես  համարձակորեն հայտարարում էր, որ մենք  պարտավոր են կանգնել այս իշխանությունների կողքին, որպեսզի մեր երկիրը կայանա, իշխանությունը մեղավոր չէ,  նախկին բոլոր տարիներին ոչինչ  չեն արել, իշխանությանը մենք պետք է աջակցենք եւ այլն… Դահլիճում դժգոհության ալիք, աղմուկ բարձրացավ, այդ մարդու ելույթը ընդհատվեց: Այս ելույթը բոլորիս համար շատ անընդունելի ու վրդովեցուցիչ  էր: Նման  մարդու՝ այդտեղ լինելն իսկ  զարմանալի էր: Անմիջապես ելույթ ունեցավ Խաչիկ Մանուկյանը, իմ լավագյուն ընկերներից մեկը, ով անմիջապես սկսեց տվյալ անձի արտահայտած տեսակետները ոչնչացնել,  զարմանք արտահայտելով նման  մարդկանց  վրա, որոնք հանդգնում են գալ եւ նման մի միջոցառմանը ժամանակ նման ելույթ ունենալ:  Անմիջապես դահլիճից ինքը մի քանի հոգու հետ դուրս գնաց: Մեր այդ համաժոողովի խարանը դարձավ նրա ելույթը:  Նման համաժողովում նման ելույթ ունենալը նշանակում էր  մեր նկատմամբ, պատերազմով անցած տղաների նկատմամբ վիրավորանք եւ արհամարանք:

 Հետագայում ես զգացի, որ այնտեղ ինչ-որ ներքին խմորումներ գնացին: Ես չեմ բացառում, որ տվյալ անձնավորությունը հետագայում, միգուցե, կարողացավ ինչ-որ արհեստական  մարդկանց ներդնելով՝  Բազեյան Ալբերտի վրա քրեական գործ սարքել: Որովհետեւ դրանից հետո Բազեյան Ալբերտի ակտիվությունը եւ մեր այդ  հրամանատարների գործողությունների, հանդիպումների  մասին տեղեկատվություն իշխանություններին հասցնողներ կային: Օրերից մի օր էլ, երբ արդեն փակվել էին Արցախի բոլոր ճանապարհները Հայաստանի հետ, մենք փորձեցինք օգնել մեր հայրենակիցներին: Մեր ընկերներից ոմանք ուզում էին, որ զինված ջոկատներոբվ գնանք, Հաքարիի կամուրջը բացենք: Ես, միանշանակ, դեմ էի դրան, քանի որ համարում էի, որ մեր բուն գործողությունների կենտրոնը Երեւանում է՝ Կառավարության շենքում: Մեր ողջ դժբախտությունները գալիս են այդտեղից: Եթե մեր թիկունքում չկա պետություն, դուք ինչպե՞ս եք պատկերացնում զինված ջոկատներով գնալ ադրբեջանական, ռուսական, թուրքական այդ համաձայնեցված գործողության դեմ եւ հաղթել: Դա պարզապես կլիներ անմտություն եւ գնացած մարդիկ կամ տեղ չէին հասնի՝ ուղղակի թիկունքից Հայաստանի տարածքում կխփեին, կամ էլ տեղում բոլորին գերի կվերցնեին եւ կհանձնեին ադրբեջանցիներին: Ես համաձայն չէի, թողեցի դուրս եկա: Հետագայում լսեցի, որ Բազեյանի նկատմամբ  գործ են հարուցել, իբր թե՝ զինված ջոկատներ են պատրաստել, եւ, իբր, փորձում էին իշխանությունը բռնի ուժով տապալել: Չեմ բացառում, որ նման մարդկանց միջոցով են նման բաները արվում: Այդ կասկածելի անձնավորությունը, չգիտես՝ որտեղից, միանգամից հայտնվեց կուսակակցության ղեկավար եւ որեւէ  դերկատարում քաղաքական ասպարեզում  չունի, չկա: Հենց միայն այն փաստը, որ հանրայինի եթերում է հնչում նման հայտարարություն, արդեն իսկ խոցելի է, որ դա համաձայնեցված գործողություն էր, իրեն ուղարկել էին, որպեսզի այդ միտքը հանրայնացնի , հասարակության մեջ գցի եւ փորձի  ընդդիմադիր դաշտում կայացող համերաշխությունը, համագործակցությունը փլուզել: Փառք Աստծո, որ անմիջապես արձագանքեցին թե՛ Արթուր Վանեցյանը, թե՛  Մարտուն Գրիգորյանը:  Ես չեմ կասկածում եւ չեմ բացառում, որ դրա հիմանական հովանավորը կամ ուղղորդողը Նիկոլի զուգընկերուհին է, որովհետեւ ինքը սիրում է նման մարդկանց հավաքել, հանձնարարություններ տալ: Եւ իրենք էլ սիրով կատարում են:  Վճռորոշ պահերին,  վճռական փուլերում, ինչպիսին են նաեւ Գյումրիի հետընրտական պորցեսները, երբ մարդիկ սպասում էին ընդդիմության միավորմանը, նման պահերին նման ներդրված մարդիկ ասպարեզ են բերվում, որպեսզի փչացնեն ընդդիմության կարեւոր պրոցեսները: Ինքը ուղղակի կակամատար դրածո է, եւ մեր քաղաքական դաշտը, լրատվամիջոցները պետք է հստակ իմաման, թե ում հետ գործ ունեն»:

Նաիրա Վանյան