Հայ ուսանողությունը Արցախի համար ուսումնասիրությունների մրցույթ 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը հայտարարում է «Հայ Ուսանողությունը Արցախի Համար» 2025 թվականի հետազոտական մրցույթի երկրորդ թողարկումը։ Նախաձեռնության նպատակն է խթանել գիտական ուսումնասիրություններ Արցախի Վերադարձի Իրավունքի վերաբերյալ, որը կարևոր ազգային և միջազգային իրավական, քաղաքական ու պատմական խնդիր է։
Մրցույթը կազմակերպվում է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների հետ համատեղ` Արցախի ԱԺ կողմից լիազորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի հովանավորությամբ։ Մրցույթը բաց է 20-35 տարեկան ուսանողների համար Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Մասնակիցները կկարողանան ուսումնասիրել Արցախի Վերադարձի Իրավունքը տարբեր իրավական, պատմական, քաղաքական և մարդասիրական տեսանկյուններից՝ աշխատելով միջազգային ճանաչում ունեցող մասնագետների ուղղորդմամբ։
Նախաձեռնությունը նպատակ ունի խորացնել գիտական քննարկումները Արցախի կարգավիճակի և իրավունքների շուրջ՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ գիտնականներին իրենց ներդրումն ունենալու այս կարևոր թեմայի ուսումնասիրման գործում։