Արդեն երկար տարիներ ի վեր, ավելի ստույգ՝ 1997թ-ից, երբ Մասիսի աղբավայրն սկսեց շահագործել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսությունը», սկսվեցին մասիսցիների եւ հարակից գյուղերի բնակիչների՝ էկոլոգիապես դժոխային օրերը: Ու, քանի որ այդ տնտեսությունը պատկանում է Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը՝ Միշա Հակոբյանին, քաղաքապետ Սաշիկն ու նրա եղբայր Միշիկը 1999թ-ին կնքում են պայմանագիր, ըստ որի քաղաքամերձ 4,9 հա հողատարածքը 99 տարով վարձակալության է տրվում՝ որպես աղբավայր շահագործելու: Հետո Միշա Հակոբյանը դրեց կուտակված աղբից ազատվելու ամենահեշտ ու ամենաէժան «ավանդույթը». աղբն սկսեց տեղում այրվել՝ իր հետ այրելով մասիսցիների առողջությունը: Այն, այլ տեղ տեղափոխելու կամ վերաշակելու փոխարեն հենց տեղում այրվում է…ու վերջ: Իհարկե, սեփականատերը չքմեղանում է, թե՝ այդ հրդեհների հետ ինքը կապ չունի, «պատահաբար» է աղբը այրվում, աղբի մեջ ինչ-որ «արժեքներ» փնտրողներն են իրենց ծխախոտի մնացորդը գցում ու «պատահաբար» իր ջրաղացին ջուր լցնում: Արդյունքում՝ այնպիսի հրդեհներ են առաջանում, որ անգամ հշեջները չեն կարողանում մարել: Իսկ մասիսիցնիները տարին տասներկու ամիս եւ օրը 24 ժամ շնչում են աղբավայրի ծուխը: Բնակիչները բողոքում են, որ շաերի մոտ առաջացել են շնչառական եւ այլ հիվանդություններ: Ոմանք հարկադրված են ամռան տապին լքել իրենց տները եւ տեղափոխվել՝ ժամանակավորապես այլ տեղ ապրելու: Ոմանք էլ, անգամ, տներն են վաճառում եւ լքում համայնքը՝ մաքուր օդ շնչելու, կամ գոնե՝ աղբավայրի ծուխ չշնելու երազանքով: Ամռանը դժվար է դուռ-լուսամուտը փակ պահելը: Առավել եւս՝ ծանր է դրանք բացելը: Ու, իբր, Մասիսի աղբի ծուխը քիչ էր, որ այրվում էր, ընկերությունը պայմանագիր էր կնքել Երեւանի աղբահանությունը իրականացնող «Սանիտեքի» հետ ու մայրաքաղաքի ծայրամասերի աղբը նույնպես բերվում էր Մասիսի աղբավայր եւ դառնում մասիսիցների շնչելու ծուխ: Հարցը չէր լուծվում այն ժամանակ, երբ քաղաքապետը Սաշա Հակոբյանն էր: Ով, ի դեպ, բոլոր ժամանակների իշխանությանը սիրող մարդ է. ով գալիս է իշխանության, Սաշա Հակոբյանը դառնում է նրանց մտերիմը: Ժամանակին մտերիմ էր նախկին իշխանավորների հետ, Մասիսում ՀՀԿ-ի շտաբի պետն էր: Հիմա էլ ՔՊ-ի հետ է «արիշ-վերիշների» մեջ: Բայց, Մասիսում կատակում են՝ հենց փողոցում ակտիվանում է ընդդիմադիր շարժումը, Սաշա Հակոբյանը գաղտնի հանդպում է ընդդիմադիրների հետ: Մի խոսքով ՝ մի ոտքը իշխանությունների դռանն է, մյուսը՝ ընդդիմադիրների: Ու այս ճարպկության «շնորհիվ» Սաշիկն ու Միշիկը մասիսցիներին անարգել մատուցում են աղբավայրի ծուխը:
Սաշա Հակոբյանին հաջորդող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն սկսեց քայլեր ձեռնարկել՝ աղբն այրելու դեմ:
Տարբեր միջոցների դիմեցին: 2021 թվականին Մասիսի ավագանին որոշում է ընդունել, որ այլ վայրից աղբ չտեղափոխեն այդ աղբավայր, քանի որ, համայնքը հավելյալ ծախսեր է անում և աղբը տեղափոխում ավելի հեռու տեղ։ Բայց, աղբավայրի շահագործողների թողտվությամբ այստեղ շարունակում է թափվել դրսի աղբը՝, անգամ՝ կաշվի վերամշակման մնացորդներ: Համայնքապետարանն այս հարցով դիմել է կառավարությանը, որպեսզի աղբավայրը փակվի: Սակայն, պատասխան չեն ստացել: Բնապահպանության տեսչական մարմինը գնահատել է, որ աղբավայրը շահագործում են խախտումներով: Դրա հիման վրա համայնքը դիմել է դատարան՝ շահագործողի հետ պայմանագիրը լուծարելու պահանջով։ Այս պահին գործը դատական փուլում է։ Իսկ մասիսցիները, շունչները պահած՝ բառիս բուն իմաստով, սպասում են, թե ինչ որոշում կկայացնի դատարանը:
Սոնա Առաքելյան
