Եվ այսպես, արդեն երրորդ օրն է, Հայաստանի քաղաքական հանրությունը սպասում է Գյումրու ավագանու ընտրություններում անցողիկ քվեներ ստացած երրորդ ուժի՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը՝ նա միանու՞մ է ամենաշատ քվեներ ստացած ընդդիմադիր Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ: Մարտուն Գրիգորյանը, սակայն, ռադարներից դուրս է եկել եւ համառորեն լռում է: Իսկ այդ լռությունը տարաբնույթ հետեւությունների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այս ընթացքում Գրիգորյանը մի անգամ «ծիկ» արեց՝ ասելով, որ Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու: Այս կիսահայտարարությունը չտվեց սպառիչ պատասխան մտահոգող հարցերին: Գրիգորյանը չասաց, թե որոնք են իր հետագա քայլերը, ում հետ է ինքը քննարկում իր անելիքները, ում հետ է բանակցում: Բոլորս գիտենք, որ ամենաշատ քվե ստացած ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի հետ Մարտուն Գրիգորյանը չի խոսում, չի բանակցում, ոչինչ չի քննարկում: Ի վերջո, դրանից շատ բան է կախված, թե ում հետ է բանակցում, ովքեր են Գրիգորյանի խորհրդատուները՝ իր քաղաքական թիմակիցնե՞րը՝ Վանեցյանը, Թարվերդյանը, Սերժ Սարգսյանը, թե՞ ընկերները, բարեկամները, Պուտինը, Թրամփը, Հռոմի Պապը… Մտահոգիչ է նաեւ, որ իր կիսահայտարարության մեջ Մարտուն Գրիգորյանը չբացառեց ՔՊ-ի հետ որեւէ համագործակցությունը: Եվ, առհասարակ, իր ողջ քարոզարշավի ընթացքում Գրիգորյանը բավականին զուսպ էր խոսում իշխանության մասին, ի տարբերություն Վարդան Ղուկասյանի, ով քարը քարին չէր թողնում՝ քննադատելով Փաշինյանի արտաքին ու ներքին քաղաքականությունը, դեռ մի բան էլ սպառնալով, որ Կառավարությանը դատի է տալու՝ Գյումրիին հասանելք գումարը չտալու համար:
Ի՞նչ խոսք, Մարտուն Գրիգորյանն այսօր կանգնած է դժվար ընտրության առաջ, քանի որ պետք է համագործակցության գնա մի մարդու հետ, որի հետ հարաբերությունները, մեղմ ասած, շաքար-շոկոլադ չեն: Դեռ ավելին. ասում են՝ արյուն կա իրենց միջեւ: Այդ մասին Երեւանից շատ են հիշեցնում քաղաքական խառնակիչները՝ պառակտելով Գյումրու ընդդիմադիր դաշտը: Սակայն, այս իրավիճակում սա հիմնավորում չէ չմիավորվելու համար: Ցանկացած ադեկվատ հայի եւ այսօրվա իշխանության մեջ կա 5000 զոհվածի արյուն, մի քանի հազար հաշմանդամի, կորցված Արցախի, կործանման շեմին հասած Հայաստանի արյուն: Հիմա ո՞ր արյունն է ավելի թանկ Մարտուն Գրիգորյանի համար, անձնական՞, թե՞ ազգային…
Շատերն ասում են, թե Մարտունին ընտրողները, հարազատները, ընկերները Վարդանին չեն ուզում, դեմ են այդ միավորմանը: Այս եւ մյուս խոչընդոտների մասին Մարտուն Գրիգորյանը նախապես պետք է մտածեր՝ մինչեւ ընտրապայքանրի մեջ մտնելը: Նա պետք է ունենար իր քաղաքական հաշվարկները եւ կանխատեսեր այսօրվա նման սցենար: Նախկինում, երբ նա մրցապայքարի մեջ էր մտնում քաղաքապետ Վարդան Ղուկասնյանի հետ, ասում էր, որ գալիս է քաղաքը կրիմինալից մաքրելու: Այս ընտրությանը մասնակցության մասին առաջինը հայտարարեց Վարդան Ղուկասանը, հետո Մարտուն Գրիգորյանը: Սակայն այս անգամ նա չհստակեցրեց, թե ում դեմ է պայքարելու՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության «կրիմինալ» թեկնածուի…
Տարբեր շրջանակներ, այդ թվում Մարտուն Գրիգորյանը, ընտրարշավի սկզբում ուզում էին Վարդան Ղուկասյանի անունը կապել իշխանության հետ: Մինչդեռ, Ղուկասյանին ճանաչողները, անգամ նրա ընդդիմախոսները լավ գիտեն, որ Ղուկասյանի ասածն ասած է, նա երկակի խաղեր չի տալիս ու խոստումից հետ չի կանգնում: «Խոսքից հետ կանգնելը Վարդանի «պանյատների» մեջ չի մտնում».-ասում են նրան ճանաչողները:
Վարդան Ղուկասյանին Մարտուն Գրիգորյանի՝ ենթարդյալ չմիավորվելը ոմանք հիմնավորում են, թե Ղուկասյանը խոցելի մարդ է եւ քաղաքապետ դառնալու դեպքում կարժանանա Մամիկոն Ասլանյանի եւ մյուսների ճակատագրին, եւ Գյումրին կվերցնեն ընդդիմության ձեռքից: Ինչ խոսք, Վարդան Ղուկասյանն անմեղ հրեշտակ չէ: Բայց, եթե այս մոտեցմամբ նայենք, ապա ոչ մի ընդդիմադիր թեկնածու չպետք է համայնքներում մտնի ընտրապայքարի մեջ, քանի որ, եթե փաշինյանախումբը որոշի որեւէ մեկի վրա գործ հարուցել, ապա չի նայելու՝ խոցելի է, թե ոչ. գործը կգտնվի: Ստացվեց, որ խոցելի են նաեւ Գրիգորյանի հայրը, որդին, թիմակից 70-ամյա կինը…
Իհարկե, անմեղության կանխավարկածը պահպանելով, հույս ունենք, որ Մարտուն Գրիգորյանը չի մտնի իշխանությունների հետ պայմանավորվածությունների մեջ: Ի վերջո, դա ոչ միայն իր անձի քաղաքական ու մարդկային վարկանիշի հարցն է, այլեւ իր ողջ քաղաքական թիմի ու նրա անդամների: Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում կուլիսների ետեւում. գուցե ՄԱրտուն Գրիգորյանն ավելի լավ բաներ է մտածում Գյումրու ու երկրի համար, ավելի լավ տարբերակ է մտածում Գյումրին ընդիմության ձեռքում պահելու համար, որը մենք՝ շարքային մահկանացուներս, չենք կարողանում պատկերացնել:
Նաիրա Վանյան
