Փաշինյանի նման՝ Խաչատուրյանն էլ է հավատում խաղաղության համաձայնագրին…

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավորություն է տեսնում, որ մինչև տարվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն։

Այդ մասին նա ասել է լրատվամիջոցներում տված հարցազրույցներում: Նրա խոսքով՝ ինչպես կյանքում, այդպես էլ քաղաքականության մեջ ամեն ինչ հեշտ չի ստացվում կամ տրվում:
«Պետք է մեր գաղափարները համբերատար առաջ տանել, թեկուզ բոլոր այն հայտարարությունների ֆոնին, որոնք շատ անհանգստացնում են ինչպես մեր հասարակությանն, այնպես էլ մեզ: Մենք փորձում ենք այդ ամեն ինչին պատասխանել այնպիսի քայլերով, որոնք իրականում ոչ թե իրավիճակը կսրեն, լարվածությունը կմեծացնեն, այլ միտված կլինեն հենց խաղաղության հաստատմանը», — նշել է Խաչատուրյանը, վերահաստատելով, որ այն հայտարարությունները, որոնք արել են Հայաստանի Հանրապետության վարչապետը և պետական իշխանության տարբեր ներկայացուցիչներ խաղաղության պայմանագիրը հենց այս պահին ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ, ուժի մեջ են:

«Բայց ադրբեջանական կողմից էլ, իհարկե, որոշակի խնդիրներ են մեջտեղ բերվում, որոնց հետևանքով այդ ամեն ինչը հետաձգվում է։ Բայց այն, ինչ կատարվել է վերջին տարիների ընթացքում, այն, ինչին մենք հիմա հասել ենք և, կարծես թե, վերջին փուլում ենք գտնվում, հեշտ չեն տրվել»,- ասել է Խաչատուրյանը: