Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած բանավեճը «լույս սփռեց» Գյումրու ավագանու ընտրություններում առաջադրված իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի կերպարի վրա: Եթե թաքնված իշխանականները փորձում էին «տակից» նրա գլխին «լուսե պսակ» դնել եւ ասել,թե՝ Սարիկը լավ տղա է, ափսոս, որ մտավ ՔՊ, ապա Սարիկը հենց ինքը իր հնչեցրած մտքերով ու խոսույթով ապացուցեց, որ ինքը հոգով, սրտով ու մտածողությամբ Նիկոլ Փաշինյան է՝ Գյումրու «արտադրությամբ»: Նրա «գաղափարախոսության» հիմքում ընկած են նախկինների թալանը եւ Արցախը դժբախտ ու դժգույն էր համոզմունքները…
Սարիկ Մինասյանը հնչեցրեց մի միտք, որը, ամենայն հավանականությամբ, վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց հայրենասեր գյումեցիների մոտ: «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը, դիմելով Մինասյանին ասաց.«Արցախը Հայաստանն էր, հետո հանձնեցիք, Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»:
Ի պատասխան այս հայտարարությանը, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը հայտարարեց. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխաներն այնտեղ չծառայեին։ Արցախը հանձնեցին Ձեր խոսքի սկզբում նշված նախագահները»։ Փաստորեն, Սարիկ Մինասյանը Արցախի հանձնման մեղքը բարդեց շիրակցիների, գյումրեցիների վրա՝ նրանց համարելով դասալիքներ: Մինչդեեռ գյումրեցիները եղել են արցախյան երկու պատերազմների ամենաակտիվ ու ամենամարտական կռվող տղաները: Բավական է լինել Գյումրու Շիրակ գերեզմանատանը՝ երկրորդ Եռաբլուրում, եւ կհամոզվես դրանում: Մինչդեռ Մինասյանը գյումրեցիներին դասեց դավադիր դասալիքների եւ Արցախն ուրացողների շարքում: Նա նաեւ հրապարակավ կոչ արեց, որ ովքեր նախկինների ժամանակ փող են տվել, որ Արցախ չգնան, ձայն տալ իրեն: Վերջնարդյունքում, հաշվելով Սարիկ Մինասյանին ստացած քվեները, կարող ենք իմանալ, թե որքան գյումրեցի է կոռուպցիոն մեխանիզմով՝ կաշառքով ձեռքերը լվացել եւ հեռու մնացել Արցախից՝ նպաստելով նրա հանձնմանը:
Սարիկ Մինասյանը խոսում էր բավականին վստահ: Տպավորություն էր, թե իր ձեռոքի տակ ունի այդ անձանց անունները: Հավանաբար, ունի փաստեր: Հետեւաբար, իրավապահ մարմինները պետք է գնան այդ հայտարարության հետքերով, զբաղվեն հայրենադավ կոռուպցիոներներով եւ համապատաասխան գորընթացներ սկսեն: Սարիկը նրանց կօգնի, իրենց մոտ լավ է ստացվում նման բաները…
