Այսօր ԵՄ երկրները քննարկել են անկանոն միգրանտների և մերժված ապաստան հայցողների արտաքսումը մեծացնելու «նորարարական» ուղիները, ներառյալ դաշինքից դուրս վերադարձի հատուկ կենտրոններ ստեղծելու ծրագրերը: Միգրացիոն խնդիրները նորից օրակարգ մտան մի շարք երկրներում ծայրահեղ աջերիջանքերի արդյունքում: Դաշինքի 27 երկրների ներքին գործերի նախարարները հանդիպելու են Լյուքսեմբուրգում՝ այս ամսվա վերջին՝ ԵՄ առաջնորդների հավաքից առաջ:
Բանակցությունները տեղի են ունենում միայն մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Եվրամիությունը որդեգրեց իր՝ ապաստանի քաղաքականության լայնածավալ բարեփոխումը:
Երկար բանակցված փաթեթը, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսին, խստացնում է սահմանային ընթացակարգերը և երկրներից պահանջում է ընդունել «առաջնագծի» երկրներից ապաստան հայցողներին կամ տրամադրել գումար և ռեսուրսներ։
Սակայն ԵՄ անդամ երկրների կեսից ավելին ասել է, որ դա անարդյունավետ է: Մայիսին նրանցից 15-ը Եվրահանձնաժողովին հորդորեց «մտածել շրջանակից դուրս»՝ կոչ անելով ԵՄ-ից դուրս կենտրոններ ստեղծել, որտեղ մերժված ապաստան հայցողները կարող են ուղարկվել մինչև արտաքսումը: Հնարավոր տարբերակներից մեկը ԵՄ անդամության թեկնածու երկրներում նման կենտրոններ հիմնելն է: Այսինք՝ արտաքսվածներին ուղարկեն ԵՄ անդամության թեկնածու երկիր: Սակայն, փորձը ցույց է տվել, նման դեպքում մարդիկ գերադասում են վերադառնալ իրենց պատերազմական երկիրը, քան ինչ-որ այլ երկիր, որը դեռեւս ԵՄ անդամ չէ:
