Հանուն խաղաղության «բարաթի», պատրաստ կլինեն անգամ երեխաների հարսանիքները Բաքվում անել…(COP29)-ի վտանգներն ու հնարավորությունները…

Եվ այսպես, նոյեմբերին Ադրբեջանում կայանալու է ՄԱԿ-ի COP 29 համաժողովը, որն, իբր նպատակ ունի ճանապարհ հարթելու կլիմայի փոփոխության գլոբալ մարտահրավերն արդյունավետորեն լուծելու  համար: Զավեշն այն է, որ կլիմայի, բնության մասին մտահոգություններն ու դրանց լուծման ճանապարհները պետք է քննարկվեն մի երկրում, որը նավթի արտահանման իր քաղաքականությամբ, մեղմ ասած, չի նպաստում կլիմայի դրական փոփոխությանը, որը հայտնի է իր բռնապետական ռեժիմով, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներով, Արցախի ու հայերի  հանդեպ ռազմական ագրեսիայով, ցեղասպանությամբ,  ագրեսիվ ու զավթողական հռետորաբանությամբ, ու այս շարքը կարելի է երկար թվարկել: Հենց այս հանգամանքներն էլ հաշվի առնելով, ենթադրվում է, որ այդ համաժողովին մասնակցությունը լինելու է բավականին ցածր: Այդ մասին գրել է ամերիկյան Politico պարբերականը.«Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի՝ Կլիմայի հարցերով գագաթնաժողովի (COP29) շուրջ ցածր մասնակցություն է նկատվում, շահագրգիռ կազմակերպությունները որոշել են կա՛մ չմասնակցել Ալիևի կողմից հյուրընկալվող հավաքին, կա՛մ փոքր պատվիրակություն ուղարկել»: Պարբերականը թվարկել է նաեւ պատճառները.«Ալիևի ավտորիտար ռեժիմը, նավթի արդյունահանման ոլորտում Ադրբեջանի քաղաքականությունը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վերստին ԱՄՆ նախագահ ընտրվելու հեռանկարը»։ Politico-ի հետ զրույցում բրիտանական կառավարության ՝ էներգետիկ հարցերով բարձրաստիճան մի պաշտոնյա՝ ցանկանալով անանուն մնալ, ասել է, որ Ադրբեջանի ընտրությունը կլիմայի հարցերով համաժողովի համար «անհաջող է, ինչի համար մասնակիցները նյարդայնանում են»։

Համաժողովը Ադրբեջանում անցկացնելուն պետք է, որ  առաջինը դեմ լիներ պաշտոնական Երեւանը: Իսկ դրա պատճառները շատ են. այսօր Բաքվի բանտերում խոշտանգվում են հայ գերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իսկ Հայաստանի ՀՀ սուվերեն տարածք մտած ադրբեջանական զորքերը ամրապնդվել են ու հեռանալու մտադրություն չունեն: Ալիեւը շարունակում է իր ռամզատենչ հռետորաբանությամբ ու զավթողական նկրտումներով նոր ագրեսիա հրահրել Հայաստանի դեմ: Սակայն, ո՛չ, փաշինյանախումբն ամենեւին էլ դեմ չէ, որ համաժողովն անցկացվի Բաքվում:

Դեռեւս մայիսին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել էր.«Բաքում կայանալիք COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ — ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար»։ Այս  հայտարարությանը, հավանաբար հավատացել է մեր «միամիտ» Փաշինյանն ու տարբեր հարթակներից, իր խոսափողներով ասեl է ու ասում է, որ Հայաստանը պատրաստ է միչեւ համաժողովը ստորագրել խաղաղության փաստաթուղթը եւ դեմ չէ, որ համաժողովն անցկացվի Ադրբեջանում:

ԱԳՆ խոսնակը ընդամենը մի կեսբերան մտահոգություն է գրում, այն էլ՝ այլոց հղում անելով.«Հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար»: Անի Բադալյանը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը ու ևս մեկ անգամ հիշեցրել, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք։

ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող մի մարդ էլ կա՝ Վահագն Խաչատուրյան անունով, ով ավելի շատ հայտնի է հանգուցյալ թագուհու դիակի մոտ սելֆի անելով ու դաշնամուր նվագելով, նա էլ է կարծիք հայտնել Համբորգի ամբիոնից  ու հայտարարել, թե՝«Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը»:

Եվ այսպես,  ՀՀ իշխանականները ոտք ու ձեռք ընկած ուզում են մի ոտ շուտ ստորագրել խաղաղության «բարաթը», որ Ալիեւը  համաժողովում ելույթ ունենալիս հոգեբանորեն իրեն ճնշված չզգա, երբ մասնակիցները անհարմար հարցեր տան հարեւան Հայաստանի հետ թշնամական հարաբերություններից: Իշխանությունը, կանաչ լույս վառեց Ալիեւի համար, որ այդ հարթակն օգտագործի հակահայկական հայտարարություններ անելու եւ իր առաջիկա ռազմական ագրեսիան լեգիտիմացնելու  համար:  Դե, իսկ ինչ վերաբերում է  խաղաղության «բարաթին», եթե, իհարկե, ինքը դա ստորագրի, կասի՝ կորցրել եմ, չկա…

Նաիրա Վանյան