Երկրի դպրոցներում մեկում ուսուցչի եւ աշակերտի միջեւ եղած միջադեպը, կածես թե դառնում է միջպետական հարց: Տաշքենդի դպրոցներից մեկում մի աշակերտ դժգոհություն էր հայտնել, որ դասը ռուսերեն չի անցկացվում։ Փոխարինող ուսուցչուհի Օզոդա Ռավշանովան նախ նկատողություն է արել աշակերտին, ապա հարվածել։ Փաստին անդրադարձել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան , ով հայտարարել է.«Մոսկվան Ուզբեկստանի իշխանություններից պահանջում է «այդ միջադեպի բացատրությունը: Նախկին խորհրդային հանրապետություններում ռուսաց լեզվի նկատմամբ վերաբերմունքը գտնվում է Ռուսաստանի լուրջ ուշադրության ներքո, և Ուզբեկստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն»։
Զախարովայի այս հայտարարությունը Ուզբեկստանում ընդունում են որպես վիրավորական վերջնագիր: Ուզբեկստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, էկոլոգիայի նախարարի խորհրդական և հայտնի բլոգեր Ռասուլ Կուշերբաևը կոչ է անում նրան Ուզբեկստանում անցանկալի անձ հայտարարել։
«Իմ կարծիքով, Ուզբեկստանի համար անցանկալի անձանց ցուցակում առաջինը պետք է լինի Մարիա Զախարովան։ Դա պայմանավորված է նրանով, որ սա առաջին անգամը չէ, որ նրա հայտարարությունները վերաբերում են երկրի ներքին գործերին և արժանապատվությունը նվաստացնելուն: Ռուսական կողմը պետք է հասկանա, որ նման հայտարարություններն իր ներկայացուցչին դարձնում են անցանկալի անձնավորություն Ուզբեկստանում և առաջացնում են ուզբեկ ժողովրդի դժգոհությունը. նույնիսկ չնայած խտրականությանը և նվաստացմանը մեր միգրանտներին այս երկրում: Միջպետական հարաբերությունների նկատմամբ հարգանքից ելնելով` ո՛չ մեր ԱԳՆ-ն, ո՛չ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բացատրություններ չեն պահանջել Ռուսաստանից և իրենց վիրավորական հայտարարություններ թույլ չեն տվել»-ասել է պատգամավորը։
Ռասուլ Կուշերբաևը հիշեցրել է, որ Ռուսաստանում կտրուկ վատթարացել է վերաբերմունքը Ուզբեկստանից և ընդհանրապես Կենտրոնական Ասիայից միգրանտների նկատմամբ։ Նրա կարծիքով՝ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է համախմբվեն այս հարցում եւ միասնական դիրքորոշում ընդունեն։
