ԱՄՆ-ը որոշ երկրների քաղաքացիների համար մուտքի արգելք կսահմանի

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արգելել որոշ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ»: Այս  մասին  հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմն  աշխատում է երկրների կարմիր ցուցակը կազմելու ուղղությամբ։

Այն, հավանաբար, ներառելու է այն պետությունները, որոնց քաղաքացիներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ Թրամփի առաջին նախագահական ժամկետում:

Դրանց թվում The New York Times-ը նշել է Վենեսուելան, Իրանը, Եմենը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լիբիան, Սիրիան, Սոմալին և Սուդանը:

Բացի այդ, այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին «կտրականապես կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ», կարող է լրացնել Աֆղանստանը:

Բացի կարմիր ցուցակից, ներդրվելու է նաև երկրների նարնջագույն ցուցակ։ Նրանց քաղաքացիների համար ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակվելու է որոշակի տեսակի վիզաներով և ավելի կարճ ժամկետով:

Դեղին ցուցակում հայտնված երկրներին հնարավորություն է ընձեռվելու 60 օրվա ընթացքում շտկել իրավիճակը՝ կատարելով ԱՄՆ-ի մի քանի պահանջներ, որոնք վերաբերում են նաև անձնագրերի տրամադրման և ճանապարհորդների մասին տեղեկատվության տրամադրման կանոններին: Հակառակ դեպքում դրանք ներառվելու են երկրների կարմիր կամ նարնջագույն կատեգորիայի մեջ։