Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի գլխավոր ուղերձը ընդդիմության կայացման ազդարարումն էր

Haypres.am-ը ներկայացնում է լիբանանահայ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի հետ  հարցազրույցի շարունակությունը: Սկիզբը՝ նախորդիվ:

— Հիմա համառոտ  խոսենք Հայաստանի ներքաղաքական իրաղություններից: Ինչպես գիտենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրեր առաջ ասուլիս տվեց, որում խոսեց Հայաստանի արտաքին եւ ներքին մարտահրավերներից: Ո՞րն էր ասուլիսի գլխավոր ուղերձը:

— Կարծում եմ, ուղերձը այն էր, որ այս աշխարհակարգի վերափոխման նոր միտումները իրենց ազդեցությունը կունենան նաև մեր տարածաշրջանում: Ըստ էության, ազդարարվեց նաև ընդիմության կայացումը, ինչը, կարծում եմ, մեր պետականության շահերից է բխում, որովհետև, նաև ժողովրդավարական առումով, ընդիմությունը պետք է կարողանա կայացնել իր հակակշիռ գործառույթները: Եթե խորհրդարանը միակուսակցական է կամ գերակայում է  մեծամասնական պատկերը, այս հակակշիռ գործոնների վերացումը չի բխում մեր պետության շահերից: Շատ կարևոր է, որ գործող իշխանությունները միշտ հաշվի նստեն ընդիմության հետ և չգործեն սանձարձակ, և այդ առումով, կարծում եմ, ընդիմության վերակայացումը շատ ավելի գլոբալ ըմբռնումով կարևոր հրամայական է: Գործադիր- օրենսդրի նույնացումը, միակուսակցական համակարգը կարող է վերածվել միանձնյա որոշումների լայն հարթակի: Գործող իշխանության գործողությունները հակակշռելու առումով  երեք ուղղություններով պետք է բալանսավորված ընդհանուր համակարգ լինի. դատական իշխանությունների անկախ լինելը, խորհրդարանում, գործադիր իշխանությունում: Այդ առումով ընդիմության վերաշխուժացումը կամ նաև ըտրական արդյունքների հանգելը, կարծում եմ շատ կարևոր է: