Վրաստան-ԵՄ ապահարզա՞ն. Վրաստանի շուրջ օղակը սեղմվում է

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է,  որ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բարձր մակարդակի բոլոր հանդիպումները վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Եվրամիությունը որոշում է կայացրել բարձր մակարդակի այցեր չկատարել Վրաստան և բարձր մակարդակի հանդիպումներ չունենալ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ Բրյուսելում՝ եվրոպացիների նկատմամբ վրացական կառավարության որդեգրած հռետորաբանության պատճառով:

«Ձեզ կարող եմ ընդամենն ասել, որ այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ենք անցկացրել այն մասին, թե ինչպես վերաբերվել Վրաստանի իշխանությունների պահվածքին, որը, մեր գնահատմամբ, բարեկամական չէ Եվրամիության նկատմամբ։ Քննարկել ենք նաև, թե ինչպես պետք է վերաբերվենք հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվին, քարոզչությանն ու դավադրության տեսությանը, և  որոշել ենք բարձր մակարդակի շփումներ չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ: Այդ իսկ պատճառով վերջին ամիսներին բարձր մակարդակի այցեր չեն եղել Վրաստան, Բրյուսելում ևս բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բարձր մակարդակի բոլոր հանդիպումները Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ»,- ասել է դեսպանը։

Մինչ այդ՝ երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էր հայտարարել.«ԱՄՆ Պետդեպարտամենտը չի բացառում հետագա միջոցների ձեռնարկումը՝ ի պատասխան Վրաստանի՝ օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի: Վաշինգտոնի կողմից շարունակվում է Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների վերանայման գործընթացը, քանի որ Վրաստանի կառավարությունը «շարունակում է ընթանալ խորապես անհանգստացնող ուղղությամբ, որն ավելի է հեռացնում երկիրն իր եվրաատլանտյան ուղուց, որով վրաց ժողովուրդը, ինչպես գիտենք, մեծապես ցանկանում է գնալ»:

Նա լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է օտարերկրյա գործակալների մասին օրենքում առկա մեխանիզմներով, որոնք կառավարությանը հնարավորություն կտան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին բռնի կերպով գրանցել որպես օտարերկրյա գործակալներ, նույնիսկ եթե նրանք որոշեն չհետևել օրենքի պահանջին: