Հեծանիվս զորավարժությանդ վնաս չէ…

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են.«Ադրբեջանը հրետանային ստորաբաժանումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել: Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները հաղթահարել են տարբեր խոչընդոտներ և իրականացրել կրակային դիրքեր գրավելու գործողություններ՝ մարտական պատրաստության վիճակի բերելով զինտեխնիկան և հրետանային կայանքները։ Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների հետ համատեղ որոշվել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները»:

Վերջին շրջանում Ադրբեջանը բավականին հաճախ է զորավարժություններ անում Հայաստանի «թքթի» տակ, ավելացնում  իր ռազմական բյուջեն, մեծացնում ռազմական պոտենցիալը: Մեծ նախապատրաստությունների մեջ է նաեւ դիվանագիտական դաշտում. տարբեր գերտերությունների ու տերությունների հետ հարաբերություններ է շտկում, կապեր ու պայմանավորվածություններ ձեռք բերում: Ակնհայտ է, որ Ալիեւը մեծ «հարսանիքի» պատրաստվող «հարսանքավորի» նման  խառն է. անելիք ունի: Իսկ այդ անելիքը վերաբերում է հենց մեզ՝ Հայաստանին: Ադրբեջանի ցամաքային թիրախներն ու այդ թիրախների կոորդինատները, որոնց, առայժմ զորավարժությունների մակարդակով, խոցում են ադրբեջանական զինյալները, բնականաբար, գտնվում են Հայաստանում: Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի ղեկը ձեռքին պահող Նիկոլ Փաշինյանը. հեծանիվ է քշում, «Կեցցե՛ հեծանիվը» կարգախոս առաջ բերում,  արշավներ կազմակերպում, մրցանակներ տալիս, փարթի-շոուներ անում, ՄԱԿ ամբիոնից Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներից խոսելու փոխարեն  իր նախընտրական  կարգախոսն է վերաթարմացնում. թե բա՝ ապագա կա…

Իսկ պատգամավորների հարցերին, որոնք առընչվում են երկրի արտաքին մարտահրավերներին,  պատասխանելու փոխարեն լաչառություն է անում, մանիպուլացնում ու թեման փակում…