«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների կարգավիճակից եւ գերությունից ազատվելու հնարավորության հեռանկարից. «Մենք անշուշտ բավական ջանք ենք գործադրում, որ օգնենք ազատ արձակելու գործում: Իրավաբանների հետ, զանազան այլ միջազգային ընկերությունների հետ աշխատում ենք, որ դա հաջողվի:
Աշխարհը ընդհանրապես շեղված վիճակում է եւ ցինիկ է դարձել: Իրենք մի կողմից ասում են՝ արդարությունը կարեւոր է, մյուս կողմից ասում են՝ լավ, եթե կարող ենք խաղաղություն ստեղծել, արդարությունը ոչինչ: Իրականում, անհնար է խաղաղություն ունենալ, որը հիմնված է անարդարության վրա, այդպիսի խաղաղություն աշխարհում չի եղել:
Իմ կարծիքով, շատ պարզ է եւ նույնիսկ եվրոպացիներն ու ամերիկացիները լավ գիտեն եւ մեզ կուլիսներում ասում են, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը չհաստատվի:
Հրաշքի կարիք ունենք, որ դա կատարվի եւ մեր բանտարկյալներն ազատվեն: Մեր պատմության մեջ հրաշքներ եղել են: Դժբախտաբար, անընդհատ հրաշքի վրա ենք հույս դնում: Ինձ համար այդ հրաշքը հավատք է, որ աներեւակայելին դարձնես իրական»,-ասաց նա:
Անդրադառնլով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի հասցեին արված վերջին հայտարարություններին, Աֆեյանն ասաց. «Չեմ կարծում՝ դա մեղադրանք է, այլ կասկած է, եւ այդ կասկածի գործերը կարծես այլ՝ հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ Ռուբենին: Ռուբենը պարզապես միջնորդ է դարձել այդ նյութին: Ճիշտ է, որ մարդիկ պետք է կասկածեն, թե ինչ է տարբեր ազգերի նպատակները: Ես կարող եմ ասել, որ Ռուբենը, իմանալով, որ իրեն վտանգի տակ է դնում, Արցախ գնաց, որ այդ ժողովրդին օգնի:
Ես տեսել եմ Ռուբենի միտքը, ազգասիրությունը, ինձ համար աներեւակայելի է կասկածել իր նպատակների վրա: Բայց եթե ուզում ենք այդ միջոցով ուղղել մեր կասկածները այլ երկրների, այլ ագենտների դեմ, դա հասկանալի է քաղաքականության մեջ: Եթե փաստեր կան, որ այլ ձեւով են գնում, պատրաստ եմ ես էլ հասկանալու: Դա քաղաքական հռետորաբանություն է»,- հայտարարեց Աֆեյանը:
