Ինչո՞ւ է կակաոն օգտակար

Կակաոն կարող է էներգիա հաղորդել, պաշտպանել վարակներից։ Այն կարող է նաև լավացնել տրամադրությունը։ Կակաոն պարունակում է նյութեր, որոնք լավացնում են հիշողությունը և խթանում ուղեղի աշխատանքը, կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կակաոն ռեկորդակիր է օգտակար միկրոէլեմենտների պարունակությամբ, իսկ ցինկի պարունակության առումով չունի իրեն հավասարը։

Կակաոն պարունակում է սպիտակուցներ (12-15 տոկոս), ճարպեր, ածխաջրեր (6-10 տոկոս), B խմբի վիտամիններ, բջջանյութ և հակաօքսիդանտներ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կակաոն նաև միացություն է պարունակում, որը նպաստում է մարմնի բջիջների բազմացմանը, վերքերի ապաքինմանն ու կանխարգելում է կնճիռների առաջացումը։ Չնայած կակաոն ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան թեյն ու սուրճը, որոշ մասնագետների պնդմամբ՝ այն քաշի ավելացման չի հանգեցնում։ Կակաոյի նույնիսկ փոքր քանակը կարող է հագեցնել ձեզ։ Արդյունքում՝ շատ չեք ուտում։

Եթե ցանկանում եք նիհարել, կարող եք կակաո օգտագործել։ Բայց խորհուրդ է տրվում այն օգտագործել օրվա առաջին կեսին։ Եթե 40 տարեկանից բարձր եք, կակաոն կարող է հատկապես օգտակար լինել, քանի որ հարուստ է մագնեզիումով և վիտամիններով։ Կարող եք փորձել այս բաղադրատոմսը։ Ձեզ հարկավոր է.

• 2 բաժակ կաթ. եթե նշի կաթ օգտագործեք, ավելի համեղ կստացվի
• կես ճաշի գդալ կակաո
• 1 թեյի գդալ դարչին
• կես թեյի գդալ մանրացրած մեխակ
• մի պտղունց աղ։

 Կակաոյի անսովոր օգտակարության մասին

Կակաոն հարուստ է ֆլավանոլներով՝ հատուկ մոլեկուլներով, որոնք օգնում են կանխել սթրեսից առաջացած սրտանոթային հիվանդությունները: Ներառյալ ինսուլտը, սրտի կաթվածը և թրոմբոզը:

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել՝ առողջ տղամարդկանց մի խմբին առաջարկել են խմել մի բաժակ կակաո՝ հարուստ ֆլավանոլներով, իսկ մյուսին՝ ըմպելիք՝ առանց այդ միացությունների։ 90 րոպե անց հետազոտության բոլոր մասնակիցներին խնդրել են կատարել սթրեսի առաջադրանք:

Հետազոտողները այնուհետև չափել են կամավորների սրտանոթային ակտիվությունը հանգստի և սթրեսի ժամանակ, և գնահատել են, թե որքան լավ են աշխատում արյան անոթները սթրեսային առաջադրանք կատարելուց հետո 1,5 ժամվա ընթացքում: Պարզվել է, որ սթրեսային առաջադրանքից առաջ կակաո խմողների մոտ արյունատար անոթներն ավելի լավ են գործել։

Ապացուցված է, որ հոգեկան սթրեսը մեծացնում է արյան ճնշումը, ինչպես նաև բացասաբար է անդրադառնում էնդոթելիումի (բջջաթաղանթ) վրա, որը ծածկում է սիրտը և արյան անոթները: Եթե ​​հաճախակի են լինում սթրեսային իրավիճակներ, դա ազդում է արյան անոթների վիճակի վրա և նպաստում սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։