Ձեր մանդատները կվավերացնեն Փաշինյանի հայաստանակործան որոշումները

Իշխանությունն այլեւս չի թաքցնում իր դավադիր ծրագրերը, որոնք Հայաստանը տանում են կապիտուլիացիայի, անկախության կորստի ու ադրբեջանաթուրքական վիլայեթ դարձնելու ուղղությամբ: Կառավարության ղեկը բռնի պահող Փաշինյանը երջանկանում է Էրդողանի գրքից, որում պատմվում է, թե Թուրքիան, ինչպես ցեղասպանելով հայերին ու մյուս ազգերին, դարձավ պետություն: Նրա կինը սիլի-բիլիների մեջ է Էրդողանի կնոջ  հետ: Հիշենք, որ 44-օրյաից հետո էլ Մեհրիբանին էր Շուշի թեյի հրավիրում: Մեհրիբանը հիմա Շուշիում թեյ է խմում՝ առանց Աննա խանումի…

Այո,Հայաստանը տանում են կապիտուլիացիայի՝ խաղաղության՝ սիրուն-փայլուն փաթեթավորմամբ…

ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հնչեցրեց հերթական նվաստացուցիչ ելույթը եւ պատրաստակամություն հայտնեց փոխել ՀՀ Սահամանադրությունը.«Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար:

Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի և այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, և հետևաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, իհարկե, կգործի Ադրբեջանի պարագայում»

Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, նախ, կանխակալ կարծիք հայտնեց՝ ի սկզբանե ուղղորդելով իրեն ենթակա ՍԴ-ին, թե համապատասխան պահի ինչ դիրքորոշում պետք է հայտնել,  նաեւ, ըստ էության, իր մտքում եղած ինչ-որ հակաօրինական սցենար նկարագրեց, ապա խոստացավ Իլհամ Ալիեւին, որ պատրաստ է նրա հերթական նախապայմանը կատարել։

Փաշինյանը նաեւ շատ վստահ է, որ ոչ միայն ՍԴ-ն իր ու ադրբեջանաթուքական տանդեմի պահանջները կկատարի, այլեւ՝ ԱԺ-ն.«Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի»:

 Այո, ճիշտ է ասում Փաշինյանը, եթե  բանը հասնի «դիվանբաշուն»՝ խորհրդարանին, ապա այնտեղ խոչընդոտ չի լինի: ԱԺ-ն անխոչընդոտ կհաստատի նաեւ ԱԴ վերջին որոշումը, ըստ որի Փաշինյանը «ճիշտ է սահմանազատել» ու «ճիշտ է սահմանազատելու»:  Այո, ԱԺ-ն կհաստատի: Մինչեւ հիմա նրա ցանկություններից ո՞րն է խոչընդոտվել, որ  սա խոչընդոտվի: ԱԺ ընդդիմադիր պատգամավորները էլի կգան նիստի, հայրենասիրական բոցաշունչ ելույթներ կունենան, հուզախառն կներկայացնեն Հայաստանի ողբերգական իրավիճակը, հանցանքների համար կշշպռեն իշխանությանը: Դե իշխանական պատգամավորներն էլ հետ չեն մնա, քանի որ լաչառության հարցում իրենք անգերազանցելի են: Իրենք էլ իրենց հերթին կշշպռեն, կմեղադրեն ընդդիմադիրներին՝ երկիրն ու բանակը ալանել-թալանելու մեջ: Մի քիչ կտաքանան, լավագույն դեպքում  միմյանց վրա շիշ-միշ կշպրտեն, վերջում ՔՊ-ն ձայների մեծամասնությամբ կհաստատի որոշումը, եւ կդրվի ՀՀ անկախության գերեզմանաքարը: Փաստորեն, ԱԺ ընդդիմադիր պատգամավորները,  իրենց մանդատները պահել-փայփայելով, թե բա՝ որ կարողանանք օրենքի սահմաններում՝ ԱԺ-ով Նիկոլին հեռացնենք,  կլեգիտիմացնեն  նրա պետականակործան վերջնական որոշումները: Իհարկե, սա շարքային պատգամավորների որոշելիք հարցը չէ. նրանք բոլորն էլ  կախված են իրենց քաղաքական առաջնորդների որոշումներից: Բայց, իրենք կարող են իրենց մանդատը պահելու անհամաձայնությունը հայտնել իրենց առաջնորդներին: Ի վերջո, Հայաստանի պետականության վախճանը մնալու է նաեւ իրենց խղճին…