«Միասին շատ մարտահրավերներ կհաղթահարենք». Իզաբել Սանտիագո

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Իզաբել Սանտիագոն վերընտրվել է Ֆրանսիա-Հայաստան  բարեկամական խմբի փոխնագահի պաշտոնում: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Ես շատ ուրախ եմ Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահի պաշտոնի նոր մանդատ ստանալով:  

Հավատարիմ բոլորիդ և ի պաշտպանություն հայ ժողովրդի խորհրդարանական դիվանագիտության՝ սա մեզ թույլ է տալիս վերսկսել աշխատանքը, վեր հանել բազմաթիվ թեմաներ, խնդիրներ ու հաղթահարել մարտահրավերներ՝ մեր երկու բարեկամ երկրների միջև»։

Հիշեցնենք, որ Իզաբել Սանտիագոն մշտապես աչքի է ընկել իր հայամետ գործունեությամբ, տարբեր ամբիոններից ի շահ Հայաստանի եւ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների ելույթներով: 2022 ԵԽԽՎ դահլիճում նրա առաջին ելույթը հայ-ադրբեջանական ռազմական լարվածության վերաբերյալ էր։ Նա կոչ էր անում, որ կառույցը դատապարտի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունները եւ համերաշխություն հայտնի հայ ժողովրդին։ «Մենք պետք է բացենք նաև երկխոսությունը հանուն խաղաղության։ Սահմանների հարցը պետք է նորից դրվի բանակցությունների սեղանին։ Այլևս հնարավոր չէ դիտել մեզ ուղարկվող տեսանյութերը, որոնք անտանելի են՝ անհետացող գերիներ, խոշտանգումներ»,- ասել  է պատգամավորը։