Եվ այսպես, խորհրդարանական ընդդիմության մոտ շարունակվում է պատգամավորական մանդատները պինդ պահելու անառողջ ու անհասկանալի մոլուցքը:
Նրանց մանդատները չխանգարեցին Փաշինյանին՝ իր դավադիր ծրագրերը իրականացնելու ոչ մի գործում: Հասել ենք մի սահմանագծի, որ նա այլեւս չի էլ փորձում թաքցնել իր՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դրածոն ու կամակատարը լինելու հանգամանքը. արդեն բացահայտ կասկածի տակ է դնում հայերի ցեղասպանությունը: Ոչ մի թուրք չէր կարող անգամ լավ երազում տեսնել, որ հենց Հայաստանի որեւէ ղեկավար նման հայտարարություն կանի: Թուրքական լրատվամիջոցները պայթում են այդ լուրը տիրաժավորելուց եւ Փաշինյանին գովաբանելուց: Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա է իրականացնելու եւ առաջին հերթին վերցնելու է Մեղրին: Դրանում Ալիեւին ու Փաշինյանին օգնության հասան ԱՄՆ Պետդեպը՝ իր կասկածելի «բացահայտումներով» եւ, ամերիկյան ֆինանսավորում ունեցող «Ազատություն» լրատվամիջոցը: Հայաստանի պետականության գոյությունն է դրված զոհասեղանին: Ադրբեջանցիները Երեւանի սրտում՝ Կառավարության շենքից մոտ երգում են «Ղարաբաղ» երգը…
Իսկ ընդդիմությունը դեռ մանդատակիր է, որով այսօրվա ԱԺ-ն պահում է «լեգիտիմության» տիրույթում: Ինչ-ինչ ճանապարհներով, իմպիչմենտով Փաշինյանին հեռացնելու եւ այլ խոստումներ տված ընդդիմադիր պատգամավորները գլուխ չբերեցին դրանցից ոչ մեկը ու, կարծես թե, դրանից այդքան էլ վատ չեն զգում: Հավանաբար, կարծում են, թե հասարակությունը նրանց մանդատ է տվել ԱԺ-ում պարտության դատապարտված լեզվակռիվներ «վարելու», շիշ շպրտելու, ծեծվելու, նվաստանալու համար: Ընդդիմադիրների ներկայությունն ԱԺ-ում նման է դատարկ աթոռի, որը ոչ մի օգուտ չի տալիս…
Հիմա էլ լծվել են տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիաներ կազմակերպելու գործին: Տրանսպրոտի գնի դեմ կարող են պայքարել երիտասարդ ակտիվիստները, հասարակական կազմակերպությունները, շարքային քաղաքացիները: Ի վերջո, թե՛ «Հայաստան» «դաշինքցիները», թե՛ պատիվ ունեցողները, ունեն տարաբնույթ ռեսուրսներ, որոնց միջոցով կարող են պայքարել տրանսպորտի թանկացման դեմ: Հասարակությունը նրանց մանդատ չի տվել հասարակական ակցիաների համար, այլ տվել է Փաշինյանին հեռացնելու համար…Թող երկիրը մնա, պետականությունը մնա, 150 դրամը լինի երկրի ամենամեծ խնդիրը, մի կերպ կվճարենք:
Լուրջ գործով զբաղվեք, տղաներ…Երբ երկիրդ կանգնած է նման լուրջ մարտահրավերների առաջ, դու չես կարողանում քո մանդատով կասեցնել սպառնացող վտանգները, չի ստացվում իրականացնել քո պարտականությունը, բարի եղիր՝ դիր մանդատդ…
Իսկ եթե սպասում եք, որ Փաշինյան Նիկոլը ինչ տալու է՝ տա-վերջացնի, նոր հեռացնեք, գնաք ընտրությունների ու «մաքուր ձեռքերով» գաք իշխանության, ապա, գալիս եք, որ ի՞նչ անեք…
Թաղումից հետո հանգուցյալին բժշկի չեն տանում…
Նաիրա Վանյան
