Եվ այսպես, ԱՄՆ Պետդեպը քնեց-զարթնեց, ու ձմռան մի «գեղեցիկ» օր որոշեց էլ չլռել… ու բացահայտեց ավելի քան 25 տարվա վաղեմության «գաղտնիքներ». Aztutyun.am-ի մի երկարաշունչ ռեպորտաժի միջոցով ներկայացրեց, թե ժամանակին ինչ են բանակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը. «ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել»։
Ասել է թե՝ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը համաձայնվել է Մեղրին տալ Ադրբեջանին՝ Արցախը պահելու համար:
Այս թեմայի մասին ժամանակին բազմիցս տարբեր դիվանագետների, քաղաքգետների կողմից ասվել է, որ դա եղել է Ադրբեջանական կողմի ցանկությունը, որը հայկական դիվանագիտության արդյունքում դուրս է եկել շրջանառությունից, եւ բանակցային սեղանին դրվել է կարգավորման այլ առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ(էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով: Դրա դիմաց Ադրբեջանը Արցախը ճանաչում էր Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ: Նախապես եղել է համաձայնություն, սակայն Հեյդար Ալիեւը վերջին պահին հրաժարվել է Արցախը Հայաստանի մաս ճանաչելուց՝ մտահոգվելով, որ ադրբեջանցի հասարակությունն իրեն չի ների դրա համար: Անցել են տասնամյակներ, Քոչարյանը Մեղրին չտվեց Ադրբեջանին, ոչ էլ՝ Արցախը: Արցախը տվեց Նիկոլ Փաշինյանը: Ու հիմա շրջանառության մեջ է «Զանգեզուրի միջանց»-ը. թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջում է այն, եւ Փաշինյանը ոչ մի հարցում չի հակադրվում նրանց: Արցախը հանձնելուց հետո հիմա նրան նոր բարդ ու դժվար ճանապարհ է սպասվում՝ մինչեւ հանձնի Սյունիքը:
Իսկ ո՞րն է այստեղ ԱՄՆ-ի շահը. Փաշինյանն ակնհայտորեն որդեգրել է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու, ԵՄ մտնելու ճանապարհ: Դա, բնականաբար, ԱՄՆ-ի սրտով է: Ու որպեսզի այս ամենը կիսատ չմնա, անդրօվկիանոսյան գերտերությանը պետք է, որ Փաշինյանի քաղաքական կյանքը երկարի: Պետք է նաեւ, որ նրա հակառուսական ծրագրերին չխոչընդոտեն ռուսամետ «ռեւանշիստները»: Իսկ սոցհարցումները ցույց են տալիս, որ Քոչարյանի քաղաքական վարկանիշը մտահոգիչ է Փաշինյանի ու նրա արտաքին «համակիրների» համար: Հետեւաբար, այս «բացահայոտւմները» կարող ենք դիտել այս համատեքստում. ԱՄՆ Պեդեպը մի զարկով երկու նապաստակ խփեց.սատարեց Փաշինյանին՝ հետագայում Սյունիքն անարգել հանձնելու գործում՝ նրա ձեռքը հաղթաթուղ դնելով.«Դե Սյունքիը երեսուն տարի առաջ Քոչարյանն է տվել» ծանոթ երգով, ինպես ասվում է Արցախի մասին: Մյուս կողմից, փորձեց հասարակության մոտ չեզոքացնել Քոչարյանի վարկանիշը: Սա, իհարկե, ոչ բոլորը կարող են հասկանալ…
