«Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում».-լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով սահմանազատման աշխատանքի աշխատանքային խմբի՝ ռուսաստանյան խմբի նախագահն է։
«Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Նրանք, որքանով ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթաց կատարելու մասին, շարժվելու են հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների խաչմերուկից, և գնալու են ներք: Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները՝ մեկնարկելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ սկսած Վրաստանի հետ երկու երկրների սահմանների միացումից դեպի հարավ:», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նշել է նաեւ, որ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև «շատ լավ աշխատանքային շփում է հաստատվել»:
«Սա արդեն շատ մեծ արդյունք է, որը ձեռք է բերվել։ Որքանով մեզ հայտնի է, սա միակ նման շփումն է, որն այժմ գոյություն ունի տվյալ երկրների միջև՝ հաշվի առնելով, որ նրանց միջև դեռևս դիվանագիտական հարաբերություններ չկան, խաղաղության պայմանագիր չի ստորագրվել», – նկատել է նա։
«Սահմանազատում» կոչվածը, որը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ամենեւին էլ սահմանազատում չէ, այլ՝ Հայաստանի կողմից միակողմանի զիջումների գործընթաց. Հայաստանն Ադրբեջանին է զիջում երկրի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող դիրքեր, ճանապարհներ, բարձունքներ, ինչի արդյունքում հայկական բնակավայրերը դառնում են կիսաանկլավ, համայնքները սեպաձեւ մխրճվում են իրար մեջ՝ հետագայում ազգամիջյան բախումների վտանգավոր հեռանկարով: Հայաստանը փոխարենը ոչինչ չի ստանում Ադրբեջանից: Այս պարագայում տարօրինակ է Օվերչուկի հիացմունքն ու գոհունակությունը սահմանազատման գործընթացից: Իհարկե, սպասել, թե ռուս պաշտոնյան պետք է ավելի հայամետ ու Հայաստանամետ լինի, ավելի մտահոգ լինի Հայաստանի սահմաններով, քան՝ Հայաստանի այսօրվա իշխանությունն է, խելամիտ չէ: Բայց, միեւնույն ժամանակ, նրա ոգեւորությունն էլ հասկանալի չէ…
