Վանաձորցիների ընտրած քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանն այսօր հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ որոշումը. նա  դատապարտվեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ անցկացրած ժամկետը, նա դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նաեւ տուգանք` 500 հազար դրամի չափով եւ 3 տարի զրկվեց պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Լրագրողների հետ զրույցում Ասլանյանը հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է․ «Դատավորը կաշկանդավածություն ուներ՝ ելնելով իր հուզական վիճակից։ Ցանկացած դեպքում պետք է բողոքարկենք դատարանի որոշումը։ Մեծ հաշվով, այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք։ Մարդու մոտ հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում այս պրոցեսներին հետևելիս։ Քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պետք է բողոքարկենք:

Էս մարդկանց պայքարը ոչ թե կոռուպցիայի դեմ է, այլ իմ նման մարդկանց մեկուսացնելու, իմ ընտանիքին, հարազատներին զրկանքներ պատճառելու համար է։ Այն երկրում, որտեղ չկա անկաշկանդ իրավական համակարգ, չի կարող լինել օրինականություն, իրավակարգ․․․Մարդուն դնում են այնպիսի վիճակի մեջ, որ դառնա կա՛մ գազան, կա՛մ․․․ չգիտեմ»։

Հիշեցնենք՝ նրան մեղադրում են պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու մեջ։

Նշենք, որ 2024-ի ամռանը Մամիկոն Ասլանյանը կալանքից ազատ է արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։
Ասլանյանն իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական։