Ինչպես տեսնում ենք, աշխարհի ազդեցիկ երկրները իրենց դռները փակում են ներգաղթյալների, միգրանտների, ասել է թե՝ օտարների առաջ: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Գերմանիան, որոնք, կարելի է ասել, որ ամենաշատ օտարերկարցիներ հյուրընկալած երկրներն են, եկել են այն եզրահանգման, որ օտարերկրացիները իրենց երկրներին ոչ միայն օգուտ չեն բերում, այլեւ վնասում են: ՌԴ-ն խստացնում է միգրացիոն օրենքները, այլ երկրների քաղաքացիների երեխաներին դպրոց ընդունելու կարգը, իր տարածքում մնալու ժամանակահատվածը:
ԱՄՆ նախագահ Թրամփն ավե;ի կոշտ քաղաքականություն է որդեգրել. դռերը փակում է, ներսում գտնվողներին էլ արտաքսում է երկրից:
Գերմանիան նույնպես պատրաստվում է նման քաղաքականության անցնել:
Միգրանտները ոչ միայն պատերազմական արհավիրքների հետեւանքով իրենց երկրից գաղթած մարդիկ են, այլեւ՝ լավ ապրելու երազանքով ու հույսով տոգորվածները: Հայաստանցիներն էլ են «սիրում» արտագաղթել. գնացին 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, գնացին «նախկինների» օրոք, երբ եւ՛ լույս կար, եւ՛ հույս:
Վերջին շրջանում մեծացել է Հայաստանից արտագաղթողների թիվը. գնում են ընտանիքներով, տնով տեղով, մեկնում են՝ չվերադառնալու հույսով: Մեկնում են, որովհետեւ Հայաստանում խնդիրները շատացել են, պատերազմի վտանգն անընդհատ կախված Է երկրի գլխին: Շատերը, ովքեր ընտրել են «դուխով» իշխանությանը, հենց նրանցից հիասթափված էլ մեկնում են, որովհետեւ տեսնում են, որ նրանք երկիրը «վարի են տալիս»… Այդ մարդիկ նման են հիվանդ ծնողին լքող ապրեախտ զավակին, ովքեր հույս են տալիս ծնողին, թե՝ կլավանաս, ետ կգամ…Մեկը հարցնի՝ էլ քո գալը ու՞մ է պետք…
Մեր հայրենակիցներից շատերը իրենց տուն ու տեղը վաճառել են ու աստղաբաշխական գումարներ են ծախսել, որպեսզի կարողանան հասնել «երազանքների» երկիր՝ ԱՄՆ ՝ անհայտ կարգավիճակով ու անհայտ ճակատագրով: Հիմա նրանք ստիպված կլինեն վերադառնալ տուն ու նստել կոտրած տաշտակի առաջ:
Երանելի չէ նաեւ Ռուսաստաններում ապրող, երկրի քաղաքացիություն չունեցող հայերի վիճակը. Փաշինյանի քաղաքականության հետեւանքով կտրուկ փոխվել է ռուսների վերաբերմունքը իրենց երկրում ապրող հայերի նկատմամբ. Մերոնց քամահրանքով ու ոչ բարեկամաբար են վերաբերում հարկային տեսուչները, մաքսավորները, պետավտոտեսուչները, շարքային քաղաքացիները…Նման իրավիճակը հոգեբանական ոչ կոմֆորտ իրավիճակ է ստեղծում: Սակայն, ներգաղթային քաղաքականությունը միայն հայերին չի վերաբերում, այլ բոլորին, ովքեր «անլեգալ» ապրում ու աշխատում են Ռուսաստանում:
Աշխարհի այս փոփոխությունը տանում է նրան, որ ամեն մարդ, ուզի թե ուզի, պետք է սիրի ու գնահատի իր տունը, իր հողը իր հայրենիքը: Այստեղ քեզ ոչ ոք «չուժոյ» չի համարում: Անկախ այն բանից, ով է ղեկավարում երկիրը եւ ինչ վերաբերմունք ունես դու այդ ղեկավարի հանդեպ, նրան չպետք է նույնացնել հայրենիքի հետ…
Այսօր նոր աշխարհն արդեն այլ բան է սովորեցնում. ապրել սեփական տանը, սիրել այդ տան ամեն մի անկյունը, սիրել ու գնահատել քո երկրի փողոցները, հանդը, սար ու չոլերը, որտեղ դու տանտեր ես, ոչ թե թաքուն ու գողեգող ապրող կամ արտաքսվող միգրանտ…
Նաիրա Վանյան
