Գերմանիայում ներգաղթյալների կողմից իրականացված ծանր հանցագործությունները կարող են պատճառ դառնալ, որ իշխանությունը որոշի փակել իր դռները ներգաղթյալների առաջ եւ նրանց արտաքսի:
Բավարիայի Աշաֆենբուրգ քաղաքի այգում 28-ամյա էթնիկ աֆղանացին դանակով հարձակվել է նախադպրոցական տարիքի երեխաների վրա։ Երկու մարդ մահացել է, որոնցից մեկը՝ երեխա. Տուժել է 3 մարդ, որոնցից մեկը փոքրիկ աղջիկ է։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ Պարզվել է, որ նա ապաստան է խնդրել Գերմանիայի կառավարությունից, սակայն մերժում է ստացել:
Սա Գերմանիայից ապաստան հայցողների կողմից նման առաջին հանցագործությունը չէ։ Միայն անցած տարի՝ մայիսին, հունիսին և դեկտեմբերին երկրի տարբեր քաղաքներում մահվան ելքով դեպքեր են տեղի ունեցել։ Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակման ժամանակ զոհվել է 5, վիրավորվել ավելի քան 200 մարդ։
Վերջին միջադեպը` հարձակումը մանկահասակ երեխաների վրա, դրդեց գերմանացի քաղաքական գործիչներին գնալ ավելի վճռական քայլերի:
Գերմանիայի հեռացող (և ոչ հանրաճանաչ) կանցլեր Օլաֆ Շոլցը խիստ ձևակերպված հայտարարություն է տարածել՝ խոստանալով հաշվեհարդար և հարձակումն անվանել ահաբեկչական ակտ, թեև իրավապահ մարմինները դեռ պետք է հաստատեն ահաբեկչական շարժառիթը:
Անգելա Մերկելի ղեկավարությամբ Գերմանիան 2015-16 թվականներին ընդունել է ավելի քան մեկ միլիոն փախստականների՝ Եվրոպայում միգրանտների ճգնաժամի ժամանակ:
Շոլցի թիմակիցները կարծում են, որ Եվրամիության ապաստանի քաղաքականությունը ակնհայտորեն անարդյունավետ է եւ , որ կալանավայրերի ավելացման կարիք կա այն միգրանտների համար, ովքեր կարտաքսվեն։
Ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, ով հաջորդ ամիս կայանալիք ընտրություններից հետո Գերմանիան գլխավորելու մեծ հնարավորություններ ունի, ասել է, որ կփակի երկրի սահմանները բոլոր անօրինական միգրանտների համար։
