Հերթական «Օվետրոնի պատուհանը»

Մամուլում հաղորդագրություն տարածվեց, որ թուրքական հատուկ ծառայության աշխատակիցները հատուկ չվերթով ժամանել են Երևան և Երևանում ձերբակալել են թուրքական ծառայությունների կողմից հետախուզման մեջ գտնվող երկու անձի, այնուհետև Զվարթնոց օդանավակայանից օդանավով տեղափոխել Թուրքիա։ Նշվեց նաև որ թուրքական կողմը գովեստի խոսքեր է ասել հայկական կողմին՝ համագործակցության համար։

Ովքե՞ր էին այդ մարդիկ, ում Հայաստանը այդպիսի հանդիսավորությամբ հանձնեց հարեւան թշնամական երկրին ու ստացավ գովեստի խոսքեր, մեզ համար գաղտնի մնաց: Հնչեցրած անունները մեզ ոչինչ չասացին: Չիմացանք, թե այդ մարդիկ հայերին մի քանի անգամ ցեղասպանած երկրի հանդեպ ինչ մեղք էին գործել, որ Փաշինյանենք որոշեցին վրեժխնդիր լինել եւ արտահանձնել նրանց:

Սա աննախադեպ երեւույթ է. նման բան Հայաստանում չի եղել, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները այսպիսի հանդիսավորությամբ, բառացիոն «մկանների» ցուցադրմամբ մտնեն Հայաստան ու այստեղից մարդ տանեն: Անգամ, եթե այդ մարդիկ շատ վտանգավոր էին մարդկության, նաեւ՝ Հայաստանի համար, կարելի էր այդ ամենն անել առանց ցուցադրության ու առանց հանդիսավորության: Բայց, ակնհայտ է, որ այստեղ այլ հեռավար նպատակ կա՝ հայաստանցիների աչքին սովորական դարձնել թուրք հատուկ ծառայողների կողմից Հայաստանից «մարդ տանելը»: Հետագայում, չի բացառվում, որ նրանք կտանեն ոչ միայն «հանցագործների», այլեւ՝ իրենց համար անցանկալի անձանց. ասենք՝ , «ռեւանշիստներին», ովքեր չեն ուզում որ «հայերն ու թուրքերը խաղաղ ապրեն», հայ զինվորականներին, որոնք, իբրեւ թե՝ հանցանք են գործել թուրքերի կամ ադրբեջանցիների հանդեպ, ՀՀ նախկին նախագահներին, եւ այլն:

Փաշինյանենք հերթական անգամ բացում են «օվերտոնի պատուհանը» եւ ՀՀ քաղաքացիների աչքը սովորեցնում են հնարավոր նման տեսարաններին…