The Wall Street Journal-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում դադարեցնել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելը շատ ավելի բարդ խնդիր կլինի, քան Թրամփն էր դա ենթադրում նախընտրական արշավի ժամանակ, երբ նա ասաց, որ կավարտի հակամարտությունը նախքան պաշտոնը ստանձնելը»,- նշում է թերթը։
Ըստ հրատարակության աղբյուրների՝ ամերիկացի նոր առաջնորդը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի առաջընթացը։ Թերթի զրուցակիցները Քելլոգի նախկին գործընկերներից պնդում են, որ նրան չի կարելի անկախ գործիչ անվանել, քանի որ նա լիովին կախված է Թրամփի կարծիքից։ Այդ պատճառով Քելլոգին «թույլ չեն տա իրական բանակցություններ վարել» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։
Հիշեցնենք, որ Հունվարի 7-ին Թրամփը խոստովանել էր, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը կարող է ավելի երկար տևել, քան նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր 24 ժամից։
Հունվարի 21-ին Թրամփը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել ՌԴ նախագահի հետ «ցանկացած պահի», երբ իրեն հարմար լինի։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նոր ղեկավարը թույլ է տվել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հարցով գործարքին։
