Որքան էլ ասում ենք, որ Զելենսկին ու Փաշինյանը այնքան նման են իրար, որ կարծես թե՝ մի հորից ու մի մորից ծնվածներ լինեն, այնուամենայնիվ, նրանց միջեւ հսկայական տարբերություն կա: Այո, Փաշինյանն էլ է Զելենսկու նման իր ղեկավարած երկիրը ներքաշում աշխարհաքաղաքական հզոր կենտրոնների «ռազբորկաների» մեջ, ու, այլեւս փաստ է, որ պատերազմ լինելու է արդեն Հայաստանի սուվերեն տարածքում: Առայժմ այդ պատերազմի ակտիվ կողմ է միայն Ադրբեջանը՝ Թուրքիայի «քավորությամբ»: Ու այդ պատերազմում մենք մեն մենակ ենք, քանի որ Փաշինյանը Հայաստանի նկատմամբ իր թշնամաբարո քաղաքականությամբ մեզ մենակ է թողել՝ թշնամու հետ դեմ դիմաց: Չի բացառվում, որ Հայաստանի տարածքում իրար բախվեն Իրանը, ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ հավաքական արեւմուտքը՝ Հայաստանի տարածքը մեջ-մեջ անելու համար: Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Սյունիքով եւ թյուրքական աշխարհի մեջ խրված սեպով, ախորժելի է շատերի համար: Բայց Փաշինյանը մեզ թողել է առանց ռեալ դաշնակցի ու որոշել է Ալիեւի հետ մեն-մենակ «լուծել» խաղաղության հարցերը: Մինչդեռ, Ալիեւը բազմիցս ասել է, որ այդ հարցում իր վրա հույս չդնենք…Փաշինյանի համար խաղաղթույուն հաստատելը նշանակում է հնազանդ հարճի նման կատարել Ալիեւի բոլոր ցանկություններն ու պահանջները՝ նրա հետ բանակցային սեղանի նստելով մեն մենակ՝ առանց անվտանգության երաշխավորների եւ երաշխիքների: Տեղի տալով Ալիեւի պահանջին, նա գնում է Մինսկի խումբը լուծարելու պահանջին: Դրան փոխարինող այլ կառույց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկա: Այս պարագայում, բնականաբար, Ալիեւը վարվում է Հայաստանի հետ այնպես, ինչպես ուզում, է, խոսում է այնպես, ինչպես ուզում է: Նրա ձեռքը ո՛չ բռնող կա, ո՛չ էլ կարգի հրավիրող:
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նույնպես ցանկություն ունի խաղաղություն հաստատելու, նա բազմիցս հայտարարել է այդ մասին: Բայց նրա պատկերացրած խաղաղությունը տարբերվում է Փաշինյանի պատկերացրած խաղաղությունից. Զելենսկին բազմիցս ընդգծել է, որ Կիևը պահանջում է անվտանգության ուժեղ երաշխիքներ արևմտյան աջակիցներից: Իտալական Rai News 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նա ընգծել է իր կարծիքը, որ Կիևին անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար՝ որպես լավագույն տարբերակ անվանելով ՆԱՏՕ-ին անդամակցությունը։
«Մեր ցանկությունն է ստանալ [անվտանգության] երաշխիքներ և ավարտել պատերազմն այս տարի, մենք ամեն ինչ կանենք դրա համար», — ասել է Զելենսկին։ Նա նշել է խաղաղության վերականգնման հրատապությունը՝ պնդելով, որ Ուկրաինան դա ցանկանում է «ավելի, քան որևէ մեկը», քանի որ «մենք կորցնում ենք ավելին, քան բոլորը, հատկապես մարդկանց նկատմամբ»։ Այնուամենայնիվ, նա պնդել է, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն առաջին հերթին:
Զելենսկին հայտարարել է նաեւ, որ անհամբեր սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարմանը, քանի որ ակնկալում է, որ նա կօգնի վերջ դնել հակամարտությանը։
Ահա այսպիսի տարբեր պատկերացումներ խաղաղության մասին:
