Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան զորքեր ուղարկի Գրենլանդիան՝ Դանիայի ինքնավար տարածքը գրավելու համար, երբ նա վերադառնա Սպիտակ տուն։ Այնուամենայնիվ, Բրյուսելն ընդգծել է, որ պետք է հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը։
Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հրաժարվել է բացառել ռազմական ուժի կիրառման հնարավորությունը՝ Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը Վաշինգտոնի վերահսկողության տակ դնելու համար։ «Հնարավոր է, որ դուք ստիպված լինեք ինչ-որ բան անել… Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության նպատակներով», — ասաց նա:
Ավելի ուշ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն ԱՄՆ նորընտիր նախագահի մեկնաբանությունները որակեց որպես «խիստ սպեկուլյատիվ»։
«Բազմաթիվ սպառնալիքներ կան, որոնք չեն իրականանում, և այս փուլում մենք չենք կարծում, որ պետք է դրանից այն կողմ գնալ», — ասաց նա։
Պինյոն հաստատել է, որ Գրենլանդիայի վրա հարձակումը կակտիվացնի ԵՄ-ի փոխադարձ պաշտպանական աջակցության դրույթը՝ համաձայն դաշինքի պայմանագրի 42-րդ հոդվածի 7-րդ կետի, սակայն ընդգծել է, որ «մենք քննարկում ենք խիստ տեսական հարց»:
