Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Հայտնի չէ, թե երկու երկրներից ինչ պաշտոնյաներ կամ մասնագետներ են մասնակցել սահմանին կայացած հանդիպմանը։
Երևանի բանագնացն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց, միայն փոխանցեց. — «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայցուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Թե ինչու՞ է մեկ ամսի առաջ տեղի ունեցած հանդիպման մասին մինչ այժմ պահպանվել «խորհրդավոր» լռություն, ի՞նչ կա թաքնված այդ գաղտնիքի, այդ լռության տակ, մտահոգիչ է: Դիվանագիտությունը՝ դիվանագիտություն, գաղտնիությունը՝ գաղտնիություն, բայց, երբ դա պահպանվում է թշնամական երկրի ու մեր երկրի՝ վստահություն չներշնչող իշխանության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպման շուրջ, ապա դժվար է լավ բան ակնկալել…
